Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանն ապացուցել է, որ ժողովրդավարական երկիր է»


Վրաստանում նախագահական ընտրություններին հաջորդած խմորումները չեն ազդել Վրաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վրա. Վրաստանն ապացուցել է, որ ժողովրդավարական երկիր է եւ այսօր էլ պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, իսկ մնացածը Արեւմուտքի որոշելիք հարցն է: Այսպիսի համոզմունք է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» պարբերականին տված հարցազրույցում:

Որպես ասվածի ապացույց` Սահակաշվիլին վկայակոչել է միջազգային դիտորդների գնահատականները, թե հունվարի 5-ի նախագահական ընտրությունները Վրաստանում անցել են ազնիվ եւ կոռեկտ: «Օրինակ, Ռուսաստանը հրաժարվում է մարտի 2-ի ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդ հրավիրել, մենք այդքան փոքր երկիր ենք, բայց հազարից ավելի դիտորդ էր հետեւում մեր ընտրություններին», - ասել է նա:

Lրագրողի այն դիտարկմանը, թե խախտումներ, այնուհանդերձ, արձանագրվել են, ինչի հետեւանքով վրաց ընդդիմությունը այսօր էլ չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ պահանջում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականը, Սահակաշվիլին հակադարձել է. - «Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում կար իրական մրցակցություն, լարվածությունը մեծ էր, այս իրավիճակում խախտումներ ուղղակի չէին կարող չլինել: Բայց ոչ ոք չի ասել, որ դրանք ազդել են ընտրության արդյունքների վրա»:

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի 7-ի իրադարձություններին, երբ իշխանություններն ու ոստիկանությունը ճնշեցին 5 օր շարունակվող ցույցը` խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, մահակներ եւ ջրցան մեքենաներ, Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի զղջում կատարվածի համար. - «Փառք Աստծո, զոհեր չեղան, եւ մի քանի օրվա ընթացքում իրավիճակը շտկվեց: Վերջին հաշվով, մենք գործ ունեինք մարդկանց հետ, ովքեր չեն ցանկացել եւ չեն ցանկանում հետեւել ժողովրդավարական օրենքներին»:

«Թե իրականում որքանով է Վրաստանը ժողովրդավար` մենք ապացուցեցինք արդեն այն փաստով, որ ես հրաժարական տվեցի նախագահի պաշտոնից եւ ժողովրդին հնարավորություն տվեցի որոշել երկրի ապագան: Ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Վրաստանում ողջ-առողջ է», - ասել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլին վստահեցրել է, որ երկիրը պառակտված չէ, եւ այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչները մտադիր են նախապատրաստվել մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG