Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահական թեկնածուների ելույթներից ստացած տպավորությունները փոխանցելով «168 ժամ» թերթին` գրող, հոգեբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Էլդա Գրինը գնահատել է. - «Թեկնածուների միմիկան եւ շարժումները վկայում են, որ նրանք այնքան էլ անկեղծ չեն։ Օրինակ, կան մարդիկ, որոնց հայացքը օրեցօր բթանում է։ Գուցե իրենք էլ հոգնել են այս ընտրարշավից։ Տեսնելով այդ հայացքը՝ կարո՞ղ ես մարդուն վստահել։ Ո՛չ։ Կա թեկնածու, որը քարոզարշավի ընթացքում ագրեսիվանում է։ Կան թեկնածուներ, որոնք մի կարճ ժամանակ առաջ դեռեւս այնքան էլ ինքնավստահ չէին, բայց այսօր իրենց նախագահ են պատկերացնում։ Դա միայն վանում է»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը կանխատեսել է. - «Ընդդիմադիր թեկնածուների չմիավորվելու փաստը սրելու է պայքարը երկրորդ տեղի համար, որի հետեւանքով նրանք միասնական ճակատով հանդես չեն գալու նաեւ հետընտրական շրջանում»։ «Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջը համախմբված նախկինների թիմը, որի յուրաքանչյուր անդամը այսօր նվազագույնը արդեն իրեն երեւակայում է իբրեւ փափուկ աթոռի մեջ նստած պաշտոնյա, անշուշտ, գնալու է մինչեւ վերջ», - գրել է մեկնաբանն ու շարունակել. - «Սակայն երկրորդ տեղին հավակնող Արթուր Բաղդասարյանը, հասնելով իր նպատակին, ամրագրելու է ընդդիմության առաջնորդի տեղը եւ որպես հեռանկարային քաղաքական գործիչ ապագայում հավակնելու է նաեւ ավելիին։ Իսկ սա նշանակում է, որ, ի տարբերություն ներկա ընտրապայքարում իր իշխանության վերականգնման վերջին փորձը կատարող նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետընտրական շրջանում ՕԵԿ առաջնորդը կորցնելու շատ բան է ունենալու»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածին դիմանկարին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագրականը փոխանցել է.- «Պատկերացնել, որ Տեր-Պետրոսյանի թիկունքում կանգնած է ինչ-որ լյումպենացված զանգված, որն ատամներն է կրճտացնում՝ իշխանություններին եւ մեծահարուստներին հում-հում ուտելու բաղձալի պահին սպասելով, նշանակում է սխալ եւ պարզունակ պատկերացում ունենալ հակառակորդի մասին»։ «Շաբաթ օրը առաջին անգամ ներկա լինելով Տեր-Պետրոսյանի հանրահավաքին՝ նկատել եմ եւս մի առանձնահատկություն. հավաքվածների մեջ մեծամասնություն են կազմում ոչ թե իմ սերնդակիցները, այլ հաջորդ՝ մեր երեխաների սերունդը։ «Որովհետեւ նրանք իրենց ուսերի վրա չեն տարել ցուրտն ու մութը», - իսկույն իրենց բացատրությունը կտան իշխանությունները: ուցե դա էլ կա»: Բայց հիմնական պատճառը, ըստ գլխավոր խմբագրի, այն է, որ «նրանք հասունացել են անկախության տարիներին»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ Գերմանիայում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ նամակ են հղել ՀՀ արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ԵԱՀԿ-ին` իրենց դժգոհությունը եւ հիասթափությունն արտահայտելով Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությունների կապակցությամբ, ինչը նրանց զրկում է ընտրելու իրավունքից: «Այս փաստը մեր կողմից դիտարկվում է որպես ՀՀ բոլոր քաղաքացիների եւ սահմանադրությամբ շնորհված ընտրական իրավունքների ոտնահարում», - ասված է նամակում:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG