Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ազատ, արդար ընտրությունները բոլոր հաջողությունների գրավականն են»


Հայաստանի վարչապետ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով այսօր նախընտրական հանդիպումների էր մեկնել Գեղարքունիքի մարզ, Սեւանում ընտրողներին վստահեցրեց, որ եթե չկարողանան բավարարել երկրում աճող պահանջները, եթե յուրաքանչյուր բնակավայրի, յուրաքանչյուր ընտանիքի համար չկարողանան ապահովել աշխատատեղեր, լավ միջավայր, ապա Հայաստանը դառնալու է երրորդ կարգի երկիր:

«Իսկ սա մենք բացառում ենք», - շարունակեց նա: - «Մենք հստակ բացառում ենք: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է կատարի իրենից կախվածը, որպեսզի մեր հասարակությունը լինի ավելի լավ: Որպեսզի մենք կարողանանք ապրել լավ, մենք պետք է կարողանանք ճիշտ ընտրություն կատարել: Ազատ, արդար ընտրությունները բոլոր հաջողությունների գրավականն են»:

«Հավատացեք, վատ ընտրություններ անցկացնելու պարագայում ընտրված ղեկավարը չի կարող իր ժողովրդին արժանավայել ներկայացնել, չի կարող պահանջներ դնել», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մեր ընդդիմախոսներն առանց ամոթի զգացումի, առանց խղճի խայթի, ասում են, որ այո, մեր տնտեսությունը զարգանում է, բայց այս զարգացումը մեր քաղաքացիները չեն նկատում, մեր քաղաքացիներն իրենց վրա այս դրական բարեփոխումների շունչը չեն զգում», - արդեն Գավառում ասաց նախագահի թեկնածուն: - «Ուզում եմ ձեզ հարց տալ Քյավառում որեւէ մեկը կա՞ արդյոք, որ չի տեսել, թե ինչպե՞ս է փոխվել այս հրապարակը, ինչպե՞ս է փոխվել այս քաղաք մտնող ճանապարհը: Կա՞ որեւէ մեկը, կա՞ որեւէ թոշակառու, որ այս բարեփոխումների դրական ընթացքը զգացած չլինի, կա՞ որեւէ պետական պաշտոնյա, կա՞ որեւէ ուսուցիչ, որ դրական տեղաշարժեր զգացած չլինի: Ես պատասխանատու եմ ե’ւ լավի, ե’ւ վատի համար»:

Սարուխան գյուղում Սերժ Սարգսյանը կրկին խոսեց այն մասին, որ «չարությամբ լավ բան չես անի»:

«Եթե որեւէ մեկն ասում է` այս ամեն ինչը քանդելու եմ, փշրելու եմ, թափելու եմ... կարծում եմ, ձեզնից որեւէ մեկը չի կասկածում, որ քանդելը լավ բան չէ, նույնիսկ եթե հին տունդ ես քանդում, էլի ափսոսում ես, որ քանդում ես: Ինչ էլ քանդես, եթե դու չարությամբ ես քանդում, ընդհանրապես ոչ մի բան չես կարող առաջ տանել: Չարությամբ կարող ես քանդել, քանդելու ժամանակ էլ մի չոփ կնկնի աչքիդ, պրոբլեմ կունենաս: Կարող է մի քար ընկնել գլխիդ, պրոբլեմ ունենաս` եթե չարությամբ ես անում: Բայց, եթե սիրով ես անում, այդ ժամանակ ամեն ինչ անպայման հաջողությամբ է պսակվում», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը սարուխանցիներին ասաց, որ այսօր Հանրապետությունում շինարարների մեծ կարիք կա, որոնք ստանում են առնվազն 500 դոլար աշխատավարձ: Նա վստահեցրեց, որ անցնելու է մեկ տարի, որ Հայաստանում շինարարն ավելի շատ է վարձատրվելու, քան այլ տեղերում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG