Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովրդավական միության նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը, այսօր պարզաբանելով, թե ինչո՞ւ չմիավորվեց ընդդիմադիր մյուս թեկնածուներից որեւէ մեկի հետ, ասաց, որ միշտ գնացել է սեփական ճանապարհով:

«Ասենք թե` մեկին աջակցեցի... Եթե ես տեսնում եմ, որ դա այն ճանապարհը չէ, որով ես գնում եմ, ինչո՞ւ ես աջակցեմ իրեն», - տնտեսական թեմաներով գրող լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Մանուկյանը: - «Կան ուղղություններ, եւ այդ ուղղություններով է պետք գնալ: Ոչ թե տեսնել, թե ում վիճակն է մի քիչ ավելի լավ, վազել-միավորվել նրա հետ: Դա ես համարում եմ շատ սխալ մոտեցում»:

Հանդիպմանը նա մանրամասն ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնական տնտեսական դրույթները, խոսեց հայաստանյան տնտեսության այսօրվա խնդիրների մասին:

Նրա համոզմամբ, միջին եւ փոքր բիզնեսը պետք է զարգանա պետության նվազագույն միջամտությամբ, մինչդեռ «Պարզեցված հարկի մասին» օրենքում վերջին փոփոխությունը «լուրջ հարված» կհասցնի դրան:

Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա տնտեսության որոշ ճյուղերի զարգացման համար պետք է լինի պետության միջամտությունը, ինչն այսօր չկա:

Մանուկյանը ասաց, որ այսօր Հայաստանում գոյություն ունեցող «օլիգարխիկ տնտեսությունը» չի ենթարկվում «ո’չ պետական, ո’չ տնտեսական օրենքներին»:

«Դա ուղղակի իշխանության հետ սերտաճած փող աշխատելու կառույցներ են», -ասաց նա: - «Սովորաբար խոշոր, օլիգարխիկ մեծ կապիտալները դրսում ուղղորդվում էին դեպի նավաշինություն, էլեկտրոնիկա եւ այլն: Մեզ մոտ` շաքար բերելու, ցեմենտ վաճառելու, բենզին բերելու եւ այլն: Ոչ մի տնտեսական աճ դա չի ապահովում»:

Հարցին, թե կա՞ն արդյոք իրեն սատարողների շրջանում գործարարներ, Մանուկյանը պատասխանեց. - «Եթե մենք կարողանում ենք ինչ-որ պլակատ տպել, ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան անել, դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ կան, որ ֆինանսներ ծախսում են դրա վրա: Բնական է, որ նրանք ձեռներեցներ են: Բայց Հայաստանի պայմաններում ձեռներեցները այն վիճակում են գտնվում, որ այդքան մեծ համարձակություն չեն ունենա իրենց անունները ասելու: Ես էլ կաշխատեմ չասել»:

Արձագանքելով դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանին սատարող գործարարները հաղթանակի շանս են տեսնում եւ առնվազն հայտարարում են, որ իրենց թեկնածուն հաղթելու է, ու հարցին, թե այս առումով ի՞նչ հեռանկարներ են տեսնում իրեն սատարողները, Մանուկյանը խորհուրդ տվեց մտածել, թե ինչ կլիներ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանի նման որեւէ գործարարի հետ, եթե նա 96-ին սատարեր իրեն:

Մանուկյանը չհերքեց լրագրողներից մեկի հիշեցումը, թե 1996-ին իրեն սատարում էր Ռուբեն Հայրապետյանը:

«Նախեւառաջ, Հայրապետյան Ռուբիկը երբեք իմ կողքը բացահայտ կանգնած չի եղել: 96 թվին հալածվել է մինչեւ վերջ... Հիմա կարծեմ Սերժ Սարգսյանի կողքին է», - հավելեց նա:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG