Մատչելիության հղումներ

Մյունխենյան համաժողովում քննարկվել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների հարցը


Անցած շաբաթավերջին Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում քննարկման թեմաներից մեկն է եղել հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում մի քանի հարց է ուղղել դահլիճում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:

«Մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Երբ մենք ցանկանում ենք պարզել դրա պատճառը, դուք խոսում եք 1915 թվականի Ցեղասպանության հետ կապված խնդիրների մասին եւ մատնանշում եք Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բայց մենք պատերազմի մեջ չենք միմյանց հետ: Այդ դեպքում, ինչո՞ւ մենք չենք քննարկում այս հարցերը: Ինչո՞ւ մեզ չի հաջողվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել», - ասել է Օսկանյանը` վստահեցնելով. - «Հայկական կողմը որեւէ նախապայման այս հարցում չունի»:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռոլի Իգլսթոունը, ով ներկա էր մյունխենյան քննարկումներին, Թուրքիայի վարչապետը բավական կտրուկ է արձագանքել Հայաստանի արտգործնախարարի հնչեցրած հարցերին:

Խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին` Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան բացել է իր բոլոր արխիվները, եւ Հայաստանը պետք է հետեւի իրենց օրինակին:

Թուրքիայի վարչապետը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի ավելի քան 40 հազար քաղաքացիներ այսօր ապրում են Թուրքիայում: «Նրանք Թուրքիայի քաղաքացիներ չեն, սակայն երբեք որեւէ խնդրի չեն բախվել մեր երկրում», - վստահեցրել է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Ռեջեփ Էրդողանը, մասնավորապես, ասել է. - «Ողջ աշխարհն է ընդունել Lեռնային Ղարաբաղի օկուպացիայի փաստը: Ազատեք Ղարաբաղը: Թող Ղարաբաղ վերադառնան այն տասնյակ, հարյուր հազարավոր ադրբեջանցիները, որոնք լքել են իրենց օջախները»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG