Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը չբավարարեց Տեր-Պետրոսյանի դիմումի պահանջը


Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր քննելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը «2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու» խնդրանքով, ինչպես նաեւ թեկնածուի վստահված անձանց ներկայացրած փաստարկները, որոշեց, որ դրանք չեն կարող համարվել «անհաղթահարելի խոչընդոտներ»:

Հայաստանի Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին ներկայացնող Ռուբեն Թորոսյանն ու Արտակ Զեյնալյանը մոտ մեկ ժամ զեկուցեցին իրենց հավաքած այն տվյալների մասին, որոնցով հիմնավորում են, թե թեկնածուից անկախ պատճառներով, ընտրություններում նրա համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել: Այդ պատճառներից մեկը, Ռուբեն Թորոսյանի պնդմամբ` «Հայլուր»-ն է, որը Տեր-Պետրոսյանի քարոզարշավը «ահավոր ձեւով» է ներկայացնում:

Ներկայացուցիչների պնդմամբ` հեռուստատեսային հակաքարոզը նախագահի թեկնածուն ստիպված է փոխլրացնել վատ եղանակին մարզային այցելություններով, սկավառակներ թողարկելով ու բաժանելով, ինչն էլ, իր հերթին ուղեկցվում է «բռնություններով հանրահավաքների ժամանակ կամ սկավառակ բաժանողների, իրենց շտաբայինների դեմ»:

Արտակ Զեյնալյանը պնդեց, որ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը ջանք չեն խնայել թեկնածուի առջեւ ծառացած խոչընդոտները վերացնելու. հայց են ներկայացրել վարչական դատարան, դիմում-բողոքներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Հեռուստասեության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, բայց` «որեւէ արձագանք չկա»:

Ներկայացված այս փաստարկների վերաբերյալ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «նախագահի թեկնածուի վստահված անձանց այս գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջներից
եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի խնդիրն է իրենց իրավասության շրջանակներում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել զանգվածային լրատվամիջոցների կողմից Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջների հստակ կատարումը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG