Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Ընդդիմության միավորումը համարում եմ քաղաքական անհրաժեշտություն»


Փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ:

«Բանակցային գործընթաց այսօր կա եւ այդ գործընթացը շարունակվում է», - հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը երկուշաբթի օր փոխանցեց Բաղդասարյանը` շարունակելով. - «Մենք հարյուր հազարանանոց թիմ ենք: Այսօր տարբեր կուսակցություններից, այդ թվում` իշխող կուսակցություններից մեզ համար աշխատում եւ քարոզում են»:

«Ցանկացած միավորում», - ասաց նա, - «պետք է լինի փաստարկված, հանրության, ժողովրդի համար հասկանալի: Եվ ցանկացած միավորում պետք է բերի շատ լավ արդյունքների: Ուզում եմ ասել, ես չեմ էլ բացառում, որ նման միավորումներ դեռ կարող են լինել... Ինչպես մինչեւ առաջին փուլը, եւ այդ անուն գրելը ոչ մի նշանակություն չունի: Կարող է անունը քվեարթերթիկում լինի, բայց մարդը իր դիրքորոշումը արտահայտի, ժողովուրդն էլ լսի...»:

«Ինչպես առաջին փուլում, այնպես էլ երկրորդ փուլում ընդդիմության միավորումը համարում եմ քաղաքական անհրաժեշտություն», - հայտարարեց նախագահի թեկնածուն:

Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունները անցնելու են երկու փուլով: Ավելին, ըստ թեկնածուի` պարտադիր չէ, որ իշխանության թեկնածուն լինի երկրորդ փուլում:

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումների արդյունքներին` Բաղդասարյանը ասաց, որ թերահավատորեն է վերաբերում դրանց. - «Քվեարկությունը ցույց կտա, թե ոնց կլինի»:

Հանդիպման մասնակիցներից Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը սոցհարցումների կապակցությամբ հնչեցրեց հետեւյալ մտահոգությունը. - «Շատ հետաքրքիր է` գելապներ, պոպուլուսներ գալիս են, որոշում են` արդեն հաղթած է, արդեն ամեն ինչ վերջացած է... Բայց, եթե նույն Գելապը ասում է, որ հարցվողների 60 տոկոսը վախեցած է, այդ կարծիքները, որ ասվել են հօգուտ մեկ [թեկնածուի] կամ ի վնաս մյուսին, այդ ովքե՞ր են ասել` վախեցածնե՞րը, թե՞ չվախեցածները»:

Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ իրենք անզիջում պայքարելու են ընտրակեղծիքների դեմ. - «Հիմա շատ կարեւոր է համատեղ միասնական պայքարը եւ վերահսկողությունը: Այսօր մենք ունենք 8 հազար մարդ 2 հազար տեղամասում, որոնք պետք է պահեն մեր քվեները... Պետք է տեր կանգնել ձայներին, պայքարել, կռվել, ինչը մենք անելու ենք միարժեք ու միանշանակ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG