Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Ուկրաինային


Ռուսաստանը 2006 թվականից ի վեր արդեն երկրորդ անդամ սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Ուկրաինային, եթե այսօրվա ընթացքում պաշտոնական Կիեւը չմարի մատակարարումների դիմաց կուտակած պարտքերը:

«Եթե մինչեւ երկուշաբթի օրը ներառյալ այս իրավիճակը չկարգավորվի, Ռուսաստանը երեքշաբթի` Մոսկվայի ժամանակով առավոտյան 10:00-ին, կդադարեցնի Ուկրաինայի գազամատակարարումը», - անցած շաբաթավերջին հայտարարել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը:

Պաշտոնական Մոսկվայի հաղորդմամբ` Ուկրաինայի պարտքը կազմում է շուրջ մեկեւկես միլիարդ դոլար: Դրա մոտ մեկ երրորդը կուտակվել է վերջին երկու ամիսների ընթացքում, երբ Ուկրաինային գազ վաճառող միջինասիական երկրները եղանակային վատ պայմանների պատճառով կրճատեցին մատակարարումները, եւ պաշտոնական Կիեւը ստիպված եղավ դիմել Ռուսաստանին:

Նախորդ շաբաթվա ընթացքում կողմերի միջեւ բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին: Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի կառավարությունը խնդրի լուծման փոխզիջումային տարբերակ առաջարկեց. առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը, մասնավորապես, հայտարարեց, թե Ուկրաինան պատրաստ է մարել Ռուսաստանին ունեցած պարտքը, եթե այսուհետ գազային ոլորտում երկու երկների միջեւ պայմանագրերը ստորագրվեն առանց միջնորդների:

Ռուսաստանից ու Միջին Ասիայից մատակարարվող վառելիքը Ուկրաինա է հասնում շվեյցարական «ՌոսՈւկրԷներգո» միջնորդ ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի կեսը պատկանում է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, մյուս կեսը` երկու ուկրաինացի գործարարների:

Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել էր, թե այդ սխեմայի արդյունքում ոմանք հարստանում են, մինչդեռ Ուկրաինան ստիպված է լինում գազը ձեռք բերել ավելի թանկ գնով:

«Մեզ անհրաժեշտ չեն կասկածելի ծագում ունեցող ընկերություններ` Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի կամ Ղազախստանի հետ գազային պայմանագրեր կնքելու համար», - ասել էր Տիմոշենկոն:

Երեկ ուշ երեկոյան խնդրի շուրջ բանակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ուկրաինական «Նեֆտոգազ» ընկերության ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ այսօր նրանք բանակցությունների սեղանի շուրջ կնստեն «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ:

Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ խնդիրը վերջնականապես կլուծվի վաղը, երբ նախապես ծրագրված այցով Մոսկվա կժամանի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG