Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, առաջիկա նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը Իջեւանում, որտեղ շաբաթ օրն ավարտեց իր երկօրյա նախընտրական հանդիպումները Տավուշի մարզի ընտրողների հետ, հորդորեց մարդկանց դեն նետել 20-օրյա քարոզարշավի ընթացքում ստացած «բացասական լիցքերը»` թողնելով միայն դրականը, քանի որ «չարությամբ լավ բան անելի չի կարելի»:

«Այդ չար մարդիկ են, որ խոսում են, թե իշխանությունները չեն ուզում փոփոխություններ անել, թե Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում փոփոխություններ չեն լինելու», - ասաց նա` շարունակելով. - «Ես համոզված եմ, որ ձեր ճնշող մեծամասնությունը այդ կարծիքին չի: Ես համոզված եմ, որ մենք կամաց-կամաց, բայց սկսել ենք շարժվել դեպի մեր ցանկացած Հայաստանը»:

Նախագահի թեկնածուն նաեւ համոզմունք հայտնեց, որ իջեւանցիները գոնե անցած տարվա ընթացքում զգացել են իրականացվող փոփոխությունները, քանի որ Իջեւանում ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում է կատարվել` խոստանալով, որ, իր ընտրվելու դեպքում, այդ փոփոխությունները կշարունակվեն:

Սերժ Սարգսյանը խոստացավ, որ ժողովրդի աջակցությամբ հաղթելու է ամենակատաղի թշնամուն` աղքատությանը` հավաստիացնելով, թե 2013 թվականին աղքատ մարդկանց թիվը Հայաստանում կկազմի ոչ ավելի, քան 10 տոկոս:

«Մենք պատասխանատվություն ենք կրում ե’ւ փոփոխությունների համար, ե’ւ խոստումների համար», - հայտարարեց նախագահի թեկնածուն: - «Փետրվարի 19-ին դուք ընտրելու մարդու, դուք ընտրելու են ծրագիր, դուք ընտրելու են այն միջավայրը, որտեղ ուզում եք ապրել: Ես կոչ եմ անում շատ պատասխանատու մոտենալ այդ պրոցեսին»:


Ռուբեն Մելոյան, Իջեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG