Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի «Թեկնածուների կլոր սեղան». Արթուր Բաղդասարյան


«Հայաստանի նախագահի ընտրությունը պետք է լինի արդար, մեզ պետք է արդար, լեգիտիմ, ժողովրդական նախագահ», - «Ազատություն» ռադիոկայանի «կլոր սեղանի» ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

«Այսօր մեր երկիրը ունի բազմաթիվ ներքին, լրջագույն արտաքին մարտահրավերներ: Մեզ պետք է լեգիտիմ նախագահ, որի հետ հարաբերվելը, ե’ւ երկրի ներսում իր ժողովրդի հետ, ե’ւ նրա սահմաններից դուրս, նշանակում է ընդունված որոշումների բացարձակ լեգիտիմություն», - պարզաբանեց նա եւ վստահեցրեց. - «Արդար ընտրված նախագահին, կոնկրետ եթե ես չեմ լինելու դա, ես կշնորհավորեմ, բայց անարդար, կաշառելով, վախեցնելով, ահաբեկելով ընտրված նախագահին ասելու ենք` ոչ»:

Արթուր Բաղդասարյանի կանխատեսմամբ` նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ. - «Ես վստահ եմ, որ կլինի երկրորդ փուլ: Որքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան երկրորդ փուլի հավանականությունը դառնում է ամեն ժամ ավելի ակնհայտ: Ես գտնում եմ, որ երկրորդ փուլը այս պայմաններում, այսօրվա իրավիճակում ուղղակի անխուսափելի է, եւ ամեն օր մենք գնալով ավելի ենք մոտենում երկրորդ փուլին»:

Անդրադառնալով վերջերս հրապարակվող սոցհարցումների արդյունքներին, ըստ որոնց` նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը կարող է հաղթել ընտրությունների հենց առաջին փուլում, Բաղդասարյանը ասաց. - «Հայաստանում սոցիոլոգիական հարցումները կատարվում են տեղական մասնագետների ուժերով: Ես այդ հարցումներին չեմ հավատում` ինչքան էլ ինձ վերագրվում է երկրորդ տեղը: Եվ ես կարծում եմ, որ երեւութական երկիր է: Խոսում ենք ժողովրդավարությունից, բայց ամեն ինչ անում ենք ժողովրդավարությունը տապալելու համար: Խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից` զանգվածային ձեւով ոտնահարում ենք մարդու իրավունքները: Խոսում ենք բազմակարծությունից` արգելում ենք այլակարծությունը: Դրա համար էլ հիմա այդպիսի հարցումներով, նաեւ դրանք հեռուստատեսային եթերով, որը 100 տոկոսով վերահսկվում է իշխանությունների կողմից, ներկայացնում են` կատարելով ազգի ուղեղների լվացման այսպիսի զանգվածային գործընթաց: Մենք ունենք մի երկիր` ցույց է տրվում բոլորովին այլը»:

Նախագահի թեկնածուի պնդմամբ` իր անձի եւ իր գլխավորած քաղաքական ուժի դեմ «սեւ» քարոզչություն կիրառվել է բազմիցս. - «Հենց սկսեցինք խոսել միավորումների մասին` սկսեցին հարձակվել Արթուր Բաղդասարյանի վրա: Գրեցին, որ ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ ամառանոցում, ավելին` տարան ձրի բաժանեցին ժողովրդին: Սա ես համարում եմ ուղղակի հենց այդ «սեւ» քարոզչության, այդ անհեթեթ, կեղծ լուրերի տարածման հերթական դրսեւորումը»:

Արթուր Բաղդասարյանն ինքը դատապարտում է ցանկացած «սեւ» քարոզչություն. - «Իմ որեւէ հրապարակային ելույթի ժամանակ ես երբեք սեւ քարոզչություն չեմ արել որեւիցե թեկնածուի շուրջ: Ես ներկայացնում եմ իմ ծրագիրը, ես ներկայացնում եմ երկրում ստեղծված, առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, այն մտահոգությունները, որ ես ունեմ, այն ելքերը, որ ես առաջարկում եմ, եւ այն փաստարկումները, որ ես անում եմ: «Սեւ» քարոզչությունը կա, եւ ես միարժեք դատապարտում եմ»:

Նախընտրական փուլում, ըստ նախագահի թեկնածուի, ակնհայտ են վարչական ռեսուրսի բիրտ գործադրման, ընտրակաշառքի երեւույթները. - «Դա մենք տեսնում ենք յուրաքանչյուր քայլափոխի»:

«Ընտրակաշառք բաժանողներին պետք է ենթարկել խիստ քրեական պատասխանատվության` 3-5 տարի: Որովհետեւ փողով ձեւավորված իշխանությունը, ի վերջո, վաղը ժողովրդի քթից է բերելու, եւ սա ակնհայտ է», - ասաց Բաղդասարյանը` հավելելով. - «Ես հայտարարում եմ` դրանք միլիոնավոր դոլարներ են, գողացված գումարները բաժանում են ազգին` գնեն նրանց ձայները»:

Միաժամանակ, նախագահի թեկնածուի համոզմամբ, որքան էլ ճնշումներ կիրառվեն, «միեւնույն է` մարդիկ արթնացել են, Հայաստանում ժողովրդական ալիք է բարձրացել»:

Արթուր Բաղդասարյանը բացառեց իր բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ` «այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը իշխանության թեկնածուն է, ես այսօր ընդդիմության թեկնածուն եմ». - «Այդ մարդը այսօր իշխանության հիմնական բեռը իր վրա` լծակները, փողը, անսահման վարչական ռեսուրսը, գնում է: Ես գնում եմ այսօր որպես ընդդիմադիր քաղաքական ուժ»:

Նրա համոզմամբ` «ընդդիմության դաշտում պետք է համախմբումը տեղի ունենա, որպեսզի գործող իշխանության թեկնածուի դեմ մրցապայքարում մղվի արժանապատիվ պայքար»:

Այն հարցի առնչությամբ, թե ինչպե՞ս է պատկերացնում ընտրվելու դեպքում իր աշխատանքը Ազգային ժողովի եւ կառավարության հետ` հաշվի առնելով, որ խորհրդարանում մեծամասնություն է Հանրապետական կուսակցությունը, եւ կառավարությունն էլ ձեւավորվում է հիմնականում այդ ուժի առաջարկով, Արթուր Բաղդասարյանը շեշտեց. - «Սահմանադրությանը ծանոթ ցանկացած քաղաքացի, ես վստահ եմ, որ կտեսնի, թե ինչքան մեծ լիազորություններ ունի Հայաստանի Հանրապետության նախագահը: Գործող սահմանադրա-իրավական լիազորությունը բավարար է: Երկրորդ, եթե ես դառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու, եթե Հանրապետական կուսակցությունը նախանձախնդիր է, որ այս երկրում ոչ թե լինի արտոնյալների երկիր, ոչ թե լինի վախվորած մարդկանց երկիր, թշվառության, աղքատության, ընչազրկության երկիր, այլ լինի արժանապատվության երկիր, այդ մեծամասնությունը շատ արդյունավետ կարող է համագործակցել նորընտիր նախագահի հետ: Համենայն դեպս, նորընտիր նախագահը ունի այնքան լիազորություններ, որ այդ մեծամասնությունը կարողանա եւ ցանկանա համագործակցել: Եթե Հանրապետականը ունի մեծամասնություն, նա պետք է հարաբերվի օրենքով ընտրված, արդար ընտրված նախագահի հետ եւ կառուցի փոխհարաբերություններ»:


Աննա Իսրայելյան, Ատոմ Մարգարյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG