Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը կյանքի գնով խափանեցին դավադրությունը»


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում հրապարակեց «10 տարի թաքցված մի փաստ», որը «մեծագույն դավադրություն էր Հայաստանի Հանրապետության հանդեպ» եւ որը իրենց «կյանքի գնով խափանեցին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը»:

Նախկին նախագահը հավաքվածներին ասաց, որ 1998 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին Ադրբեջանի հետ ստորագրել մի պայմանագիր, որով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանը եւ Լաչինը փոխանցվում էր Հայաստանի Հանրապետությանը` Մեղրին հանձնելու դիմաց:

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները դառնում են 1436 կիլոմետր: Իրանի հետ սահմանը մենք կորցնում ենք: Մնում է Վրաստանի հետ սահմանը: Այդ սահմանի մի զգալի մասը Վրաստանի կողմից բնակեցված է նորից ադրբեջանցիներով` Մարնեուլիի եւ Բոլնիսի շրջանները: Եվ, եթե դա էլ հանում ենք, Հայաստանին մնում է թուրք-ադրբեջանական այս շրջափակման մեջ մի 40 կիլոմետրանոց պատուհան դեպի Վրաստան, դեպի Ախալքալաք, ուրիշ ոչինչ», - ասաց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Այս դեպքում Հայաստանը կդադարեր պետություն լինելուց: Ցանկացած պահի բոլոր ճանապարհները կփակվեին, բոլոր խողովակները կփակվեին, եւ մենք կմնայինք կտրված աշխարհից եւ մատնված սովի ու կործանման»:

Տեր-Պետրոսյանի հավաստմամբ` Անվտանգության խորհրդի նիստում այդ պայմանագրի ստորագրումը խափանել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը:

«Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` խափանեցին այս դավադրությունը իրենց կյանքի գնով: Եթե մեր հետաքննության մեջ այս հարցը չի դիտվել որպես «27»-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա միայն այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթուղթը», - ասաց նա:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը ասաց, թե նկատում է, որ մարդիկ դեռ վախեցած են. - «Ես գալիս եմ, որպեսզի դուք այլեւս երբեք իշխանություններից չվախենաք, ոստիկանից չվախենաք, հարկահանից չվախենաք»:

Հանրահավաքում հրապարակվեց «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Կազմակերպության խորհրդի ընդունած հայտարարության մեջ ասված է. - «Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխման անհրաժեշտությունը, հավատարիմ մնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին, միանում ենք օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժմանը»:

Հանրահավաքի հարթակում էին նաեւ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հակոբ Հակոբյանը:

«Մենք` ազատամարտիկներս, նորից պատրաստակամություն ենք հայտնում, որ կկանգնենք ազատ, արդար ընտրության համար: Որ չփորձեն խախտումներ անել», - հայտարարեց Սասուն Միքայելյանը, եւ դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ասաց. - «Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ, պարոն նախագահ»:

Հանրահավաքն ավարտվեց Երեւանի կենտրոնական փողոցներով անցած երթով` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանրահավաքի կազմակերպիչների հայտարարությամբ` Ազատության հրապարակում շաբաթ օրը հավաքվել էր 150 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը` 15 հազար:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG