Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձանագրելով, որ «քարոզարշավի ընթացքում արդեն թափ հավաքող միջադեպերի թողած հնչեղ արձագանքից հավասարապես օգտվում են ե՛ւ իշխանական թեկնածուի, ե՛ւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները` մյուսին փնովելու համար», «Ազգ» թերթի մեկնաբանը նկատել է. - «Կրակի հետ խաղ անելը, ինչպես գիտեք, նույնիսկ մեծահասակներին խորհուրդ չի տրվում, եւ այդպիսի խաղերը միշտ չէ, որ անվնաս են ավարտվում»: «Միջադեպերն ու սադրանքները շատ արագ կարող են վերածվել արյունահեղության, որի համար նախ եւ առաջ պատասխանատու կլինի գործող իշխանությունը` ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու-գործող վարչապետով հանդերձ, պատասխանատու կլինի այն թեկնածուն նաեւ, ում քարոզչության ընթացքում պատահած կլինի այդպիսի բան, նրանց խղճին կլինի տեղի ունեցածը», - գրել է մեկնաբանն ու բխեցրել. - «Մինչդեռ, որեւէ ընտրություն, նույնիսկ Հայաստանի նախագահի, չարժե, որ անգամ մեկ հայ մարդու մատից արյուն հոսի»:

«Առավոտ»-ի խմբագրականը «Ի՞նչ անի նորմալ մարդը» հարցի տակ դիտարկել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային հանդիպումների ժամանակ տեղի ունեցող խուլիգանական միջադեպերն ու ակնհայտորեն տեղական իշխանությունների կողմից հարուցվող էժանագին խոչընդոտներն արդեն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, եւ արդեն այսօր, ըստ էության, ի վիճակի են լրջորեն ստվերել ընտրությունների վերջնական արդյունքների արժանահավատությունը»։ Նկատի ունենալով թեկնածուների քարոզարշավը` խմբագրականը համեմատել է. - «Իրականությունն այն է, որ նրանցից մեկը, փաստացի պաշտոնի ու վարչական լծակների բերումով իր դրույթները ներկայացնում է ծնծղաների, գույնզգույն պլակատների ու խանդավառ բազմության ապահով ներկայությամբ, մինչդեռ, մյուսների (հատկապես՝ Տեր-Պետրոսյանի) համար միտումնավոր ստեղծվում են, մեղմ ասած, ոչ աշխատանքային պայմաններ, որոնք, ի դեպ, օրըստօրե ավելի անտանելի են դառնում»։

«168 ժամ» թերթի մեկնաբանը, պնդելով, որ «Հայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով», շեշտադրել է. - «Փետրվարի 19-ին նորից ընտրություններ են նշանակված։ Եվ հերթական անգամ մեր ժողովրդին վերապահված է անկարեւոր ու ստորացուցիչ դեր, մեխանիկական մի գործողություն՝ պարզապես ներկայանալ ընտրատեղամաս, իսկ մնացածն արդեն կարեւոր չէ։ Մնացածը նրա փոխարեն արդեն մտածել են»։ «Ու կանեն», - պնդել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Սակայն, այս պատմության մեջ ահավորն այն չէ, որ ժողովրդի կամքը անգամ գրոշի արժեք չունի, այլ այն, որ երկրի նախագահի թեկնածուներն անգամ չեն կարեւորում գիտակից, արժանապատիվ, չստորացված հետեւաբար՝ ներկայանալի ժողովուրդ ունենալու մասին»։ «Հաճելի՞ է ղեկավարել այն ժողովրդին, որը գիտի, որ իրեն հրապարակ են բերել պարտադրաբար, որ իրեն ստորացնելը հայտնի է բոլորին», - եզրափակել է մեկնաբանը։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, դիտարկելով նախընտրական գործընթացների հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա, գնահատել է. - «Տնտեսությունն ու ֆինանսական համակարգը, կարելի է ասել, գրեթե չի արձագանքել քաղաքական գործընթացներին, թեպետ Հայաստանում այս երկու գործոններն ուղղակիորեն կապված են միմյանց։ Շուկայական հարաբերությունների ոչ լիարժեքության հետեւանքով քաղաքական փոփոխությունները հանգեցնում են տնտեսական գործունեության ու սեփականատիրական իրավունքի կտրուկ վերադասավորումների»: «Արդյունքում անկայուն իրավիճակների կամ նույնիսկ նման սպասումների ազդեցությունը տնտեսության վրա շատ արագ դրսեւորվում է, ինչը սակայն առայժմ տեսանելի չէ», - եզրափակել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG