Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը իրական սպառնալիք Արթուր Բաղդասարյանի անձի նկատմամբ չի տեսնում


Ոստիկանությունը իրական սպառնալիք Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անձի նկատմամբ չի տեսնում: Այդ մասին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանը, ով փետրվարի 7-ին հանդիպել էր Արթուր Բաղդասարյանի հետ` պարզելու իր հասցեին հնչած սպանության սպառնալիքի վերաբերյալ նախագահի թեկնածուի հայտարարության հետ կապված հանգամանքները, փոխանցեց. - «Պարոն Բաղդասարյանը կոնկրետ հայտարարություն չտվեց եւ կոնկրետ ոչինչ չներկայացրեց, այլ արտահայտեց իր մտահոգությունը մի քանի հարցերի շուրջ, նաեւ գրավոր պատասխանի մեջ դա ընդգրկվեց եւ ուղարկվեց մեզ, որոնց ուսումնասիրությամբ նման հանգամանքը չհիմնավորվեց»:

Այնուհետեւ Հայկ Միլիտոնյանը ընթերցեց նաեւ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հոր` Լեւոն Շահգելդյանի հետեւյալ բացատրությունը. - «Կոնկրետ օրը չեմ հիշում, մոտավորապես ս.թ. փետրվարի 4-6-ը ընկած ժամանակահատվածում իմ հեռախոսահամարին զանգահարեց անծանոթ մի անձնավորություն եւ բարյացկամ ձայնով ասաց. - «Զգույշ եղեք»: Անմիջապես անջատեց հեռախոսը` առանց որեւէ մեկի անունը տալու: Ավելացնեմ, որ հեռախոսազանգը կատարվել է փակ համարից: Ձեր հարցին պատասխանում եմ, որ իմ կարծիքով, զանգողը տրամադրված էր բարյացկամորեն եւ նախազգուշացումը վերաբերում էր իմ ընտանիքին, քանի որ ինչպես ես, այնպես էլ կինս հանձնաժողովի անդամներ ենք: Այս հեռախոսազանգի մասին ես հայտնեցի որդուս` Մհեր Շահգելդյանին»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով վերջին շրջանում հաճախակի դարձած հրապարակումները` կապված ընտրողներին պարտադրաբար հաշվառումից հանելու եւ ոչ իրենց բնակության վայրերում ընտրելու համար գրանցելու վերաբերյալ, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ասաց. - «Միանշանակ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Ընդհակառակը, թվով 50 հոգի Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից դիմել են Վանաձորի անձնագրային ծառայություն` խնդրելով իրենց դուրս գրել Վանաձորի հաշվառումից, պատճառաբանելով, որ նրանք ցանկություն ունեն Կապանում քվեարկությանը մասնակցելու, բայց չեն նշել, թե կոնկրետ` Կապանը մի քանի ընտրատեղամասեր ունի, ո՞ր ընտրատեղամասում են լինելու»:

Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն էլ իր հերթին վստահեցրեց, թե ոստիկանությունը կանի ամեն ինչ` առաջիկա նախագահական ընտրություններում առավելագույնս ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG