Մատչելիության հղումներ

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի փրկարար ծառայությունից, հրդեհը բռնկվել է 4:40-ի սահմաններում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ եւ չորրորդ հարկերը եւ մասամբ` երկրորդ հարկը:

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արթուր Ոսկանյանի վկայությամբ, հրդեհի բարդության աստիճանը երրորդ կարգի է: Շենքի տանիքային հարկը, առաստաղները եւ միջնապատերը, հիմնականում, փայտյա կոնստրուկցիաներից էին, այդ իսկ պատճառով հրդեհը արագ տարածվել է: Մարդկային զոհեր, ինչպես նաեւ վիրավորներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ երկու տասնյակ հիմնական հրշեջ ավտոմեքենա եւ 7 միավոր հատուկ հրշեջ տեխնիկա:

«Հրշեջ տեխնիկան բավականացնում է, մեզ օգնության եկան նաեւ թաղապետարանների ջրատար մեքենաները», - նշեց Ոսկանյանը:

Նրա խոսքերով, քանի որ նախարարության շենքի հարակից շենքը հանրապետության դատախազության շենքն է, առաջացել է նաեւ այն պաշտպանելու խնդիր:

Դատախազության շենքը, Ոսկանյանի վկայությամբ, չի վնասվել:

Նա խուսափեց հրդեհի պատճառների վերաբերյալ նախնական վարկածների մասին խոսելուց` նշելով, որ հետաքննությունը կպարզի:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը, իր հերթին, ձեռնպահ մնաց ասելուց` արդյոք որեւէ միտում տեսնո՞ւմ է կատարվածում. - «Չեմ կարող ասել, մինչեւ որ համապատասխան փորձաքննության արդյունքները չլինեն»:

«Նախարարի, փոխնախարարների աշխատասենյակները ամբողջությամբ ոչնչացված են, հետեւաբար, ուղղակի եզրակացություններ կարող ենք անել արդյունքում: Եզրակացությունները ակնհայտ են, որեւէ այլ բան չենք կարող ավելացնել այս պահի դրությամբ», - հայտարարեց Կոստանյանը:

«Այսինքն, ինչպիսի՞ եզրակացություն», - լրագրողների այս հարցին փոխնախարարը արձագանքեց. - «Եզրակացություն, որ շատ լուրջ վնաս է հասցված. եթե մենք նյութականը մի կողմ դնենք, ապա լուրջ կարեւորության փաստաթղթեր ոչնչացված կլինեն, որոնք վերականգնելու համար ուղղակի շատ դեպքերում օբյեկտիվորեն հնարավորություն չի լինի: Բայց արդյունքը փորձաքննության եւ, համապատասխանաբար, ինչ որ կարողանանք պահպանված փաստաթղթերը դուրս հանել` հետո պարզ կլինի»:

Կոստանյանի խոսքերով` նախ պետք է պարզել, թե «պահպանված փաստաթղթերը որոնք են, եւ որքանով է հնարավոր դրանց բովանդակությունը վերականգնել. երբ ուսումնասիրությունները տեղի կունենան, նոր կարող ենք ամփոփել»:

Փոխնախարարը բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք վերջին շրջանում եղե՞լ է որեւէ սպառնալիք, զանգեր:

Առավոտյան դեպքի վայրում էին նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախագահ Ռոբերտ Քոչարյանին առավոտյան զեկուցվել է արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած հրդեհի մասին:

Նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն անցկացնել հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, նա հանձնարարել է կառավարությանը` հրատապ կարգով միջոցներ ձեռնարկել արդարադատության նախարարությունը շենքով ապահովելու ուղղությամբ` գերատեսչության բնականոն աշխատանքը վերականգնելու համար:

Ռոբերտ Քոչարյանը իր գոհունակությունն է հայտնել հրշեջ ծառայության գործողություններով, որոնց շնորհիվ հաջողվել է կասեցնել հրդեհի տարածումը արդարադատության նախարարության շենքի հարեւանությամբ գտնվող Գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի վարչական շենքերում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG