Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Հանրահավաքում քարեր չեն նետվել ելույթ ունեցողների վրա»


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ փետրվարի 6-ին Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում «քարեր չեն նետվել ելույթ ունեցողների վրա կամ բեմի վրա»:

«Ուսումնասիրության ենք ենթարկել այդ հանրահավաքի տեսաժապավենները, որտեղ ակնհայտորեն երեւում է, որ որեւէ քարեր չի նետվել ելույթ ունեցողների վրա կամ բեմի վրա», - Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլանված նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց Աղվան Հովսեփյանը:

Նա անդրադարձավ նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի` փետրվարի 3-ին հանրահավաքում հնչեցրած հայտարարությունը, թե իրեն սպառնացել են:

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ գրավոր հանձնարարական էր տվել Ոստիկանության պետին` քրեական գործ հարուցել եւ ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ, ինչի համար «անհրաժեշտ էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ». - «Ինչպիսին են եղել սպառնալիքները` գրավո՞ր, բանավո՞ր: Եթե բանավոր` ինչպե՞ս: Եթե հեռախոսով` ո՞ր հեռախոսով: Որպեսզի մենք պարզեինք... Առ այսօր մեզ այդ հնարավորությունը չի տրվել»:

«Մենք բազում անգամներ դիմել ենք պարոն Բաղդասարյանին» - շարունակեց նա: - «Ոստիկանությունը գրավոր է դիմել` խնդրելով ներկայացնել հիմքեր, որպեսզի կարողանան ստուգումները մինչեւ վերջ իրականացնել: [Բաղդասարյանը] Ընդունել է հանրապետության քրեական հետախուզության վարչության պետին իրենց գրասենյակում եւ [զրույցի] ընթացքում նույնպես որեւէ տվյալներ չի ներկայացրել, որպեսզի մենք հիմք ունենանք համարել սա իրական սպառնալիքներ եւ կատարել անհրաժեշտ քննություն»:

Արթուր Բաղդասարյանը, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանի «կլոր սեղանի» հյուրն էր, այս կապակցությամբ ասաց. - «Իմ հայտարարությունը խիստ փաստարկված է: Ես իմ հայտարարությունը հնչեցրել եմ` կանխարգելելու համար այն սպառնալիքները, որոնք հնչել են իմ հասցեին: Ես ասել եմ, եթե իմ հետ ինչ-որ մի բան կպատահի` կհնչեցվեն անուն-ազգանուններ: Դա հիմա չի հնչեցվում, որովհետեւ մենք չենք կարող վտանգել նաեւ այն մարդկանց կյանքը, որոնք փոխանցել են մեզ դա»:

«Հեռախոսազանգ էլ է եղել այլ մարդու: Նման հեռախոսազանգ, կոնկրետ, որ ինձ զանգել են, չի եղել», - շարունակեց նա` պնդելով. - «Հստակ հնչել են սպառնալիքներ»:

Արթուր Բաղդասարյանը ասաց, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Միլիտոնյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ իրեն տվել են գրավոր նամակ. - «Ես այսօր այդ գրավոր նամակին կպատասխանեմ: Մնացածը իրենց խնդիրն է: Եթե իմ հետ կպատահի մի բան, թող այն ժամանակ Հայաստանի իրավապահ մարմինները պատասխանատվություն կրեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG