Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ի ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ուրբաթ օրը Ազատության հրապարակում կազմակերպված բազմամարդ հանրահավաքի իր ելույթում խոստացավ, ընտրվելու դեպքում, հայաստանցիներին «վերադարձնել կորցրած ազատությունը» եւ «վերականգնել ու պահպանել սահմանադրական կարգը»:

«Սահմանադրական կարգի վերականգնումն է, սահմանադրական կարգի պահպանումն է նախագահի առաջին գործը: Եվ հենց դա կանեմ առաջինը», - հայտարարեց նա` վստահեցնելով, որ «սահմանադրական կարգի ողջ խստությունը» առաջին հերթին զգալու են իր մերձավորները, իր շրջապատը, իր թիմը. - «Որպեսզի ես եւ իմ ընկերները շահենք բարոյական իրավունք տարածելու դա բոլորի վրա»:

Շարունակելով` Հովհաննիսյանը ասաց, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջինը, ինչ ինքը կանի Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, Ադրբեջանին կառաջարկի չհարձակվելու մասին պակտ կնքել: Վրաստանի հետ կստեղծի ընդհանուր շուկա: Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կկառուցի միայն մեր երկրի անվտանգության ապահովման վրա:

«Մեր ժողովուրդը երբեք անտեր չի մնա, քանի կա Հայ հեղափոխական դաշնակցությունը», - ելույթի վերջում վստահեցրեց Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասաց. - «Մենք «ոչ» ենք ասում նախկիններին, որ կոտրեցին համազգային զարթոնքի ոգին... «Ոչ» ենք ասում ներկային, որ ընդդիմության մեջ իրենց չեն էլ պատկերացնում, իսկ լիարժեք իշխանություն լինելով չափազանց արագաշարժ են, երբ սեփական իշխանության դիրքերն է պետք ամրացնել, եբր սեփական իշխանության վերարտադրությունն է պետք ապահովել: Մենք «ոչ» ենք ասում այդ պահվածքին»:

«Ընտրությունը մեր եւ նրանց [ներկա եւ նախկին իշխանությունների] միջեւ պետք է անեք», - հավաքվածներին դիմեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: - «Այս ժողովուրդը նրանց զոհն է. նախկին ու ներկա իշխանությունները այս հարցերում չեն զանազանվում»:

Մարգարյանը ասաց նաեւ, որ Դաշնակցությունը փոփոխությունների կողմնակից է, բայց` «ոչ ցնցումներով»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG