Մատչելիության հղումներ

Թռուցիկներ փակցնելու համար ծեծված երիտասարդները դուրս են գրվել հիվանդանոցից եւ դիմել ոստիկանություն


Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելու համար երեկ ծեծի ենթարկված երեք երիտասարդները այսօր դուրս են գրվել հիվանդանոցից եւ դիմել ոստիկանություն: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեւոն Տեր-֊Պետրոսյանի Նոր Նորքի համայնքի նախընտրական շտաբի պետ Պարգեւ Օհանյանը:

Ինչպես այսօր հաղորդել է «Առավոտ» թերթը, երեկ, ուշ երեկոյան, Նոր Նորքի 3-րդ զանգվածում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները փակցնելիս Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանին, Գեւորգ Զաքարյանին եւ Աղվան Հակոբյանին է մոտեցել մի ավտոմեքենա, որից իջել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Նոր Նորքի նախընտրական շտաբի պետ Մելիք Գասպարյանն ում տղաներից ճշտելով, թե ինչ թռուցիկներ են նրանք փակցնում՝ Մելիք Գասպարյանն ու նրա երեք ուղեկիցները հարձակվել են երիտասարդների վրա ու դաժան ծեծի ենթարկել:

Երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց:

Հովհաննես Գրիգորյանն այսօր հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին. - «Օգնություն, կարելի է ասել, չէին ցուցաբերում: Ասում էի՝ գլուխս է ցավում, սիրտս է խառնում, բանի տեղ չէին դնում: Մենք գտանք, որ պետք չի պառկել, միեւնույն է ոչ մի բանով օգնություն ցույց չէին տալիս»:

Իսկ Պարգեւ Օհանյանը հայտնեց. - «Ոստիկանությունում նրանցից բացատրություններ են վերցրել, եւ դատական բժշկի ուղեգիր է տրվել՝ փորձաքննության ենթարկվելու: Ինձ հասած տեղեկություններով՝ փորձագետները արհեստական խնդիրներ են առաջացրել, ամեն կերպ փորձելով խուսափել կամ ձգձգել փորձաքննության կատարումը տարբեր պատճառաբանություններով»:

Այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին երեք երիտասարդները փորձաքննության են ենթարկվել Դատաբժշկական փորձագիտության հանրապետական կենտրոնում:

Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG