Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանին պետք է անվտանգության նոր ռազմավարություն»


Ռուսաստանին պետք է մշակել անվտանգության նոր ռազմավարություն` հաշվի առնելով սպառնալիքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական խորհրդի այսօրվա նիստում` նվիրված մինչեւ 2020 թվականը երկրի զարգացման հայեցակարգի քննարկմանը:

«Ազգային անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ է զինված ուժերի շինարարության նոր ռազմավարություն մինչեւ 2020 թվականը», - ասել է Ռուսաստանի նախագահը եւ անհրաժեշտ է համարել սպառազինության նոր տեսակների ստեղծումը` օգտագործելով առաջավոր տեխնոլոգիաները:

«Ռուսաստանը ունի եւ ունենալու է պատասխաններ աշխարհաքաղաքական եւ ռազմական մարտահրավերներին», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Նա ասել է, թե Ռուսաստանը արեւմտյան գործընկերների կողմից իրական քայլեր չի տեսնում Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շուրջ փոխզիջման հասնելու համար:

«ՆԱՏՕ-ի անդամ մեր գործընկերները չեն վավերացնել որոշ փաստաթղթեր, չեն կատարում դրանք` մեզնից պահանջելով շարունակել դրանց միակողմանի իրականացումը: Ինքը ՆԱՏՕ կազմակերպությունը ընդլայնվում է, մոտեցնում է իր ռազմական ենթակառուցվածքը մեր սահմաններին», - նշել է Պուտինը եւ հավելել. - «Մենք վերացրինք մեր ռազմակայանները թե’ Կուբայում, թե’ Վիետնամում, իսկ ի՞նչ ստացանք: Նոր ամերիկյան ռազմակայաններ Ռումինիայում, Բուլղարիայում, հակահրթիռային պաշտպանության համակարգերի նոր դիրքային շրջաններ Լեհաստանում»:

«Մեզ, փաստորեն, պատասխան գործողությունների անհրաժեշտության առաջ են կանգնեցնում: Մեզ ստիպում են համապատասխան որոշումներ ընդունել», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Միաժամանակ, նրա խոսքերով, Ռուսաստանը չպետք է թույլ տա իրեն ներքաշել երկրի տնտեսությունը եւ պաշարները մաշող սպառազինությունների մրցավազքի մեջ:

«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք ստիպված լինում հանդիպել զսպման քաղաքականության կրկնական դրսեւորումների, սակայն այդ ամենի ետեւում շատ հաճախ կանգնած է մեզ անազնիվ մրցակցություն պարտադրելու եւ դեպի մեր պաշարները ելք ապահովելու ձգտումը», - հայտարարել է Պուտինը` ընդգծելով, որ նման պայմաններում «կարեւոր է թույլ չտալ մեզ ներքաշել ծախսատար դիմակայության մեջ»:

Անդրադառնալով երկրի տնտեսությանը` Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ այն արդիականանում է դեռեւս հատվածաբար, եւ չնայած վերջին տարիների առանձին հաջողություններին` Ռուսաստանին դեռեւս չի հաջողվել հեռանալ զարգացման իներցիոն էներգահումքային սցենարից:

Ամփոփելով որպես երկրի նախագահ իր ութամյա պաշտոնավարությունը` Պուտինը համոզմունք է հայտնել, թե Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել տարածաշրջանների անջատողականությունը. - «Անջատողականությունը նահանջել է, իսկ ահաբեկչությանը հասցվել են վճռական, կործանիչ հարվածներ»:

Նրա խոսքերով, Ռուսաստանում վերջ է տրվել նաեւ ժողովրդի քաղաքական իրավազրկությանը. հաջողվել է հրաժարվել մոնոպոլիաների, օլիգարխների խմբերի, մեդիա-մագնատների թելադրանքով որոշումների ընդունման պրակտիկայից:

Պուտինը վստահեցրել է, որ երկրի բնակչության իրական եկամուտները աճել են 2,5 անգամ: Նրա համոզմամբ, մինչեւ 2020 թվականը միջին խավը կազմելու է Ռուսաստանի բնակչության 60-70 տոկոսը, իսկ կյանքի միջին տեւողությունը հասնելու է 75 տարվա:

Ռուսաստանի նախագահը երկրի բոլոր հասարակական ուժերին համախմբվելու կոչ է արել:

«Երկրի բոլոր հասարակական ուժերը պետք է գործեն պարզ, սակայն կենսականորեն կարեւոր սկզբունքով. ոչինչ ի վնաս Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների, ամեն ինչ ի բարօրություն Ռուսաստանի, հանուն նրա ազգային շահերի, Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության եւ անվտանգության», - հայտարարել է Պուտինը:

«Անպատասխանատու դեմագոգիան, հասարակությունը պառակտելու փորձերը եւ օտարերկրյա օգնությունն ու միջամտությունը ներքաղաքական պայքարում օգտագործելը ոչ միայն անբարո, այլեւ անօրինական են», - ասել է Ռուսաստանի նախագահը եւ կարծիք հայտնել, որ նման փորձերը «նվաստացնում են ռուսաստանցիների արժանապատվությունը» եւ թուլացնում են ժողովրդավարությունը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG