Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան


Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ներկայացված դիմումում նշվում է, որ «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ), պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»:

Դիմումում միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»: Շեշտվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»:

Դիմողը որպես խոչընդոտ է դիտարկում այն, որ «մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:

Դիմողը խնդրում է Սահմանադրական դատարանին` «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննությունը դատարանում նշանակվել է երկուշաբթի օրը` փետրվարի 11-ին:

Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի հոդված 90-ի` «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը»:

Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախընտրական շտաբը դիմել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար:

«Մենք հաղթելու ենք, միեւնույն է, այս հակաքարոզչության պայմաններում, խոչընդոտ ճանաչելու կամ չճանաչելու պայմաններում: Մենք մեր պարտքն ենք կատարում. օրենք է խախտվել` մենք մատնանշում ենք, ապացույցներ ենք ներկայացնում եւ պահանջում ենք Սահմանադրական դատարանից, որպեսզի կատարի իր գործառույթները, այն է` ճանաչի խախտումները», - հայտարարեց Արզումանյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG