Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայում բացվում է անվտանգության քաղաքականության միջազգային խորհրդաժողովը


Այսօր Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենում գումարվում է անվտանգության հարցերին նվիրված 44-րդ միջազգային խորհրդաժողովը, որում Հայաստանը կներկայացնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Մյունխեն է ժամանել շուրջ 250 մասնակից 50 պետություններից, այդ թվում 40 նախարարներ եւ 3 երկրների ղեկավարներ: Անդրանիկ նիստը բացելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Մասնակիցների թվում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալութան տնօրեն Մոհամեդ Էլ-Բարադեին, Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ճապոնիայի արտգործնախարար Մասահիկո Կոմուրան եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

44-րդ խորհրդաժողովի ընդհանուր խորագիրն է՝ «Աշխարհը շփոթության մեջ, ուժերի փոփոխություն, ռազմավարության բացակայություն»:

Վերջին տարիներին Մյունխենի խորհրդաժողովը նախագահել է գերմանացի պրոֆեսոր Հորստ Տելչիկը, ով այս տարի վերջին անգամ է կատարելու այդ պարտականությունները:

Պրոֆեսոր Տելչիկի խոսքերով, խորհրդաժողովը կանդրադառնա այս օրերի մարտահրավերներին՝ Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Կենտրոնական Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղադրման եւ հրատապ այլ հարցերի:

Անվտանգության հարցերով մյունխենյան խորհրդաժողովը 1962 թվականին հիմնադրել է գերմանացի հրատարակիչ Էվալդ Հայնրիխ Շմենցինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG