Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, վերլուծելով երկու օր առաջ Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, եզրակացնում է. - «Ավազակապետական համակարգն այն աստիճանի է թուլացել, որ այլեւս մարդ չունի անգամ պրովոկացիաներ կազմակերպելու համար եւ ստիպված է գործի դնել սեփական ժառանգներին»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը պնդելով, որ «վերջին շաբաթներին ակնհայտ դարձավ, որ ՌԴ իշխանություններն առաջիկա ընտրություններում սատարում են իրենց հայաստանյան գործընկերոջը, թվարկել է դրա պատճառները. «1. ՀՀ եւ ՌԴ իշխանությունները կապված են իրար հետ բազմաթիվ տնտեսական կապերով, եւ այդ կապերը ոչ միշտ են «սպիտակ շրջանառության» ոլորտից: 2. Ընդդիմության ակտիվությունը մտահոգում է մեր իշխանավորներին, եւ նրանք «բարեկամական օժանդակություն» խնդրեցին: 3. Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի լուծման ձգձգմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս «զրոյական» վիճակով»: «Իսկ այդ ամենը ավելի շուտ կապահովի իշխանության թեկնածուն, քան մնացածները», - գրել է խմբագիրն ու բխեցրել. - «Ընդհանրապես ցավալի է եւ մեր ժողովրդի համար նվաստացուցիչ այդ հանգամանքը, որ որեւէ երկրի աջակցությունը կարեւոր փաստարկ է նախընտրական պայքարում: Բայց փաստը մնում է փաստ. Հայաստանի ընտրողի համար նշանակություն ունի, թե որ թեկնածուն որտեղից է «դաբրոն» ստացել»:

«Հայոց Աշխարհ»-ը «Բոլոր սոցիոլոգները կանխատեսում են մեկ փուլ» վերնագրի ներքո փոխանցել է. - «Ստացվում է, որ քվեարկությունից մոտ երկու շաբաթ առաջ նախագահի թեկնածուներից մեկը` Սերժ Սարգսյանը, այնքան է առաջ անցել իր բոլոր մրցակիցներից, որ սոսկ տեսական մտավարժանքների դիմելու եւ վարչապետի բոլոր մրցակիցների էլեկտորատը գումարելու դեպքում անգամ անհնար է սկզբունքային փոփոխություններ արձանագրել ներկա ընտրապայքարում»: Իսկ դա, ըստ թերթի, «նշանակում է, որ «առաջիկա տասնօրյակում միայն հրաշքը կարող է փոխել ընտրապայքարում ձեւավորված ուժերի հստակ հարաբերակցությունը, որը լիուլի ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակը` քվեարկության հենց առաջին փուլում»:

«Քարոզարշավի երկրորդ շաբաթվա ավարտին կարող ենք արձանագրել, որ ավարտվում է իշխանությունների գլխավոր մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ սանձազերծված մանր խուլիգանությունների փուլը եւ սկսվում են բացահայտ առճակատման տանող գործողությունները», - պնդել է այսօր «Տարեգիր» թերթի խմբագրականը ու մասնավորեցրել. - «Ասվածի ապացույցը Արտաշատի կռիվն է: Այդ հանդիպումները խափանելու եւ, վերջին հաշվով, կառավարելի զանգվածին իրենց վերահսկողությունից դուրս գտնվող զանգվածի դեմ հանելու բացահայտ գործողությունները, մարդկանց ահաբեկելու փորձերը վերջին օրերին հասնում են սպառնալից չափերի»:

Իր հերթին, «Անհանդուրժողականությունը հասնում է գագաթնակետին» վերնագրի տակ «Իսկական իրավունքը» թերթը շեշտադրել է. - «Ինչքան մոտենում է քվեարկության օրը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում ՀՀ առաջին նախագահի քարոզչությունը։ Ե՛վ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե’ւ նրա թիմակիցները գնալով ավելի ու ավելի վիրավորական որակումներ են տալիս ինչպես վարչապետին ու նրա թիմին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Կոնկրետ մարդկանց հասցեին մշտապես հնչում են բանտարկելու, բոմժ դարձնելու, գրողի ծոցը քշելու սպառնալիքներ, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն իրավունք է վերապահում հրամաններով դիմել տեղական իշխանության եւ ոստիկանութան ներկայացուցիչներին»:

«ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի փորձագետ Սարգիս Բաղումյանը «Ժամանակ-Երեւան» թերթի՝ «ի՞նչ է սպասում մեզ փետրվարի 19-ի երեկոյան՝ արկղերը բացելուց հետո» հարցին պատասխանել է մեկ բառով՝ «Շոկ» ու բացատրել. - «Շոկի մեջ են հայտնվելու ե'ւ հաղթող, ե'ւ պարտվող կողմերը, հատկապես այն ուժերը, որոնք ընտրությունների կազմակերպիչներն են ու մասնակիցները։ Հանձնաժողովականները, վստահված անձինք եւ դիտորդները, բոլորը ականատես են լինելու անսպասելի արդյունքների։ Պատճառն այն է, որ այն ընտրարշավների ժամանակ, երբ կանխատեսումները մեխանիկորեն շարունակվում են գնահատվել միայն սոցհարցումներով եւ չի նկատվում մթնոլորտի կտրուկ փոփոխությունը, ստացվում է այդպիսի շոկային իրավիճակ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG