Մատչելիության հղումներ

«Եթե Վրաստանն ուզում է ավելի հիմնավոր դարձնել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ բարելավի ընտրական գործընթացները», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան:

Ելույթ ունենալով Կոնգրեսի Եվրոպական անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում` բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը ընդգծել է. - «Չնայած Միացյալ Նահանգները ճանաչել է հունվարի 5-ին անցկացված քվեարկության արդյունքները, այդուամենայիվ, դրանցում տեղ են գտել խախտումներ, եւ այդ ընտրությունները չեն կարող օրինակ ծառայել այլ երկրների համար»:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալը նաեւ կոչ է արել Վրաստանի իշխանություններին հաշվի նստել ընդդիմության հետ, որը սպառնում է իր կողմից ներկայացված պահանջների չկատարման դեպքում բոյկոտել առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

«Եթե առաջիկա ընտրությունները լինեն ազատ ու արդար, եթե Վրաստանի իշխանությունը վերականգնի ժողովրդավարացմանն ուղղված շարժումը, մենք կհամարենք, որ Վրաստանը իսկապես կանգնած է դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին», - հայտարարել է Մեթյու Բրայզան` հատուկ ընդգծելով ընտրություններով եւ հանրային հեռուստատեսությամբ զբաղվող հանձնաժողովներում քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG