Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման խմբի պատվիրակությանը` ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի եվրատլանտյան ինտեգրման եւ գործընկերության դիրեկտորատի տնօրեն Յարոսլավ Սկոնիեչկայի եւ ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ:

Նախարարը նշել է, որ շոշափելի է ՆԱՏՕ-ի դերը տարածաշրջանում, եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բազմատարր համագործակցության զարգացումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի: Նա փաստել է, որ կազմակերպությունը մեծ ներդրում ունի միջազգային անվտանգության եւ կայունության ապահովման գործում:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, Միքայել Հարությունյանն ասել է նաեւ, որ ավարտված կարելի է համարել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջին` երկամյա փուլը, որի արդյունքները կքննարկվեն ապրիլին` 26+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի նիստի ընթացքում, իսկ այս տարի կսկսվի արդեն նոր գործընթաց` պաշտպանության ռազմավարական վերանայումը:

Նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը հաստատակամ է պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու որոշման հարցում, եւ հույս է հայտնել, որ համագործակցությունը հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի կընդլայնվի` ընդգրկելով նոր ոլորտներ:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշել են անելիքները մոտ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG