Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կողմ քվեարկեց բուհերում գլխաշոր կրելու արգելքի վերացմանը


Թուրքիայի խորհրդարանը երեկ կայացած նախնական քվեարկությամբ հավանություն է տվել բարձրագույն ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքի վերացմանը, ինչը խիստ վիճահարույց հարց է աշխարհիկ, բայց գերազանցապես մահմեդական Թուրքիայում:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` սահմանադրական համապատասխան փոփոխության օգտին քվեարկել է 404, դեմ` 92 պատգամավոր:

Հարցի վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ օրը:

Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ այս հարցը երկու մասի է բաժանել Թուրքիայի բնակչությունը՝ ոմանք համոզված են, որ գլխաշոր կրելու արգելքը սահմանափակում է կրոնի ազատությունը, մյուսները պնդում են, որ եթե կանանց թույլ տրվի գլխաշոր կրել, դա կխարխլի Թուրքիայի կրթության աշխարհիկ համակարգը:

Կառավարությունը, որը ներկայացրել է համապատասխան սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանում բավարար աջակցություն ունի դրանք ձայների երկու երրորդով անցկացնելու համար: Սակայն աշխարհիկ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը արգելքը վերացնելու դեպքում խոստացել է որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:

Կրքերը մեղմելու համար վարչապետ Ռեջեփ Էրդողանը հավաստիացրել է, որ արգելքի վերացումը վերաբերում է միմիայն համալսարաններին եւ ոչ բարձրագույն դպրոցներին կամ այլ հաստատություններին:

Թե' Էրդողանի, թե' նախագահ Աբդուլա Գյուլի կանայք գլխաշոր են կրում:

Գյուլի կինը, որին 1998 թվականին արգելել են սովորել համալսարանում գլխաշորի պատճառով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն հետ է վերցրել դիմումը, երբ ամուսինը դարձել է արտգործնախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG