Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը կհետաքննի Արտաշատի միջադեպը


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկ Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ տեղ գտած միջադեպի առնչությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առաքելության ղեկավար Գերտ Արենսը:

«Ով էլ որ մեղավոր լինի այս միջադեպի համար` պետք է պատասխանատվություն կրի», - ընդգծեց Գերտ Արենսը` հավելելով. - «Մեր երկարաժամկետ դիտորդները աշխատում են ողջ երկրով մեկ: Նրանք կզրուցեն ներգրավված բոլոր կողմերի հետ եւ մեզ հաշվետվություն կներկայացնեն»:

Իսկ մինչ այդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը ձեռնպահ է մնում կատարվածին գնահատականներ տալուց:

Գերտ Արենսը հրաժարվեց նաեւ հայտնել, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը` նշելով, որ մոտ մեկ շաբաթից կհրապարակվի դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ տեղ կգտնեն գնահատականներ:

Այդուհանդերձ, նա հաստատեց, որ կան մտահոգություններ վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրարշավի ընթացքով, երբ նա այս կամ այն բնակավայրում նախընտրական հանդիպման է տանում քաղաքապետների, թաղապետների, պատգամավորների:

«Դա, անշուշտ,վարչապետի պաշտոնի օգտագործում է քարոզարշավում», - հայտարարեց Գերտ Արենսը:

Հարցին, թե արդյո՞ք դիտորդներին բավարարում է Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը, թե Սահմանադրությունը վարչապետին չի արգելում մասնակցել քարոզարշավին, ինչը մյուս թեկնածուներից շատերը համարում են ընտրապայքարի անհավասար պայմաններ, Գերտ Արենսը արձագանքեց, թե «մտահոգություն, իհարկե, կա»:

«Եվ կա այն գիծը, որը չպետք է տրորվեր, եւ այն տրորվում է», - հավելեց Արենսը:

«Չկա որեւ է միջազգային կանոն, որը վարչապետին արգելում է որպես թեկնածու մասնակցել ընտրապայքարին», - ավելացրեց նա: - «Մենք այս առումով բազմաթիվ հարցադրումներ ենք արել, եւ, կարծում եմ, հաջորդ զեկույցում այս հարցի վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցի համեմատությամբ ավելի շատ ասելիք կունենանք»:

Անդրադառնալով քարոզարշավում ավելի ու ավելի մեծ տեղ գրավող «սեւ քարոզչությանը», միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը ասաց. - «Արեւմտյան փորձից մենք սովոր ենք, որ այսպիսի մեթոդներ կկիրառվեն: Քանի դեռ սա միայն բառերի մակարդակով է արվում, ես դրան շատ լուրջ կարեւորություն չէի հաղորդի»:

Նրա խոսքով` «շատ ավելի լուրջ» խնդիր է թեկնածուներից մեկի հասցեին հնչած սպառնալիքը. - «Մենք զննելու ենք, թե ինչ է ասել այդ սպառնալիքի առնչությամբ թեկնածու Արթուր Բաղդասարյանը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը դիտորդներին փոխանցել է վերջերս կառավարության կազմում ստեղծված մարմնին հասցեագրված դիմումները: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը ասուլիսում պնդել էր, թե այդ մարմինը «պետական մակարդակով ընտրակաշառք է բաժանում»: Այս կապակցությամբ Արենսը ասաց, որ իրենք «զբաղվում են այդ հարցով» եւ դա տեղ կգտնի երկրորդ միջանկյալ զեկույցում. - «Բայց ես երկու կողմերի հետ եւս մեկ անգամ պետք է ստուգեմ այս տեղեկատվությունը: Բայց եթե սա է իրականությունը, դա կարող է լինել վարչական ռեսուրսի օգտագործում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG