Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով երեկ Արտաշատում տեղի ունեցած միջադեպին, հեգնում է. - «Ընդդիմության հանրահավաքի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ էին հնչում հայրենի կառավարության հասցեին: Բարեպաշտ եւ կառավարասեր քաղաքացիներին դա, բնականաբար, դուր չեկավ, նրանք սկսեցին կրծքով պաշտպանել մեր իշխանավորներին, ինչի համար էլ ծեծվեցին ընդդիմության ակտիվիստների կողմից»: «Միջադեպի համար մեղավորն, իհարկե, «անպարկեշտ արտահայտություններ» անողներն են», - գրում է խմբագիրը` բխեցնելով. - «Հետեւությունը մեկն է. ընդդիմությունը հանրահավաքներ չպետք է անի Արտաշատում, որովհետեւ այդ քաղաքում մարդիկ պարզապես հալվում են իշխանությունների նկատմամբ բուռն դրական զգացմունքներից»:

«Ազգ» թերթի մեկնաբանը, համարելով, որ ընտրական գործընթացները գնալով «հիասթափեցնող երանգներ» են ստանում, գնահատել է. - «Հիասթափեցնող են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում իրենց որակներն արտահայտող թեկնածուների ու նրանց համախոհ-զինակիցների պահվածքն ու կեցվածքը, օգտագործած բառապաշարն ու արդեն իսկ կարճված հիշողության արհամարհումը: Իսկ ավելի հաճախ այնպիսի մարդիկ են վիրավորական ու ավելի շուտ հենց իրենց սազական բառապաշար օգտագործում, ինչը խիստ պայմանավորված է պատվիրակվելու հնարավորությունից եւ առիթներից»: «Եվ երբ խոսքը հատկապես մեզանում անտանելիորեն բազմացած կասկածելի կրթությամբ ու փորձով քաղաքագետներին է վերաբերում, ապա միակ «հուսադրող» հանգամանքը սոցիոլոգների դաշտում տիրող նույնատիպ իրավիճակի գիտակցումն է», - հավելել է մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, դիտարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմերի միջեւ «արեւմտյան ուղղվածության քաղաքական բլոկի ձեւավորման» հավանականությունը, բխեցրել է. - «Անկախ նրանից, թե մինչեւ փետրվարի 10-ը ընկած ժամանակամիջոցում կհաջողվի՞ այս երեք ուժերին ու նրանց առաջնորդներին իրականություն դարձնել միասնական ճակատով հանդես գալու իրենց մտադրությունը, նման դաշինքը չի կարող խաղալ իշխանության «արեւմտյան այլընտրանքի» գործառույթներ: Պատճառն այն է, որ Հայաստանի արեւմտյան գործընկերները հրաշալի գիտակցում են մեր երկրի արտաքին քաղաքականության որեւէ կտրուկ շրջադարձի անհնարինությունը»:

Պնդելով, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ իշխանություններին չի հաջողվի կեղծել ընտրությունները, «Ժամանակ-Երեւան» թերթը խմբագրականում փաստարկել է. - «Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների՝ այս անգամ դեռեւս որոշված ու հստակեցված էլ չեն կեղծիքի մեխանիզմներն ու ընթացքը։ Ոչ թե՝ որ դժվար է։ Պարզապես ցանկացած մտածած մի ձեւ արդեն իսկ իր հակակշիռն ունի եւ կանխարգելելու մեխանիզմը, եւ դրանով իսկ, անմիաստ է այլեւս... Վերջին տարիների համար եզակի հնարավորություն է ստեղծված աստվածաշնչյան «ձայն բազմաց՝ ձայն Աստծո» սկզբունքն իրականություն դարձնելու։ Քանզի, երբ ողջ միջավայրն ու մթնոլորտն են նպաստում ճշմարտության, արժանապատվության, լույսի հաղթանակին՝ այն անպայման հաղթանակում է»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, որ «երեկ ոստիկանությունն ազատ է արձակել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի անդամ Տիգրան Բաղդասարյանին, որը կալանավորվել էր Թալինում հունվարի 27-ին տեղի ունեցած միջադեպից հետո»։ Թերթը հավելել է, թե «նա լուրջ առողջական խնդիրներ ունի եւ ազատ է արձակվել Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի երաշխավորագրի հիման վրա»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG