Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Ճիշտ հաշվարկումը մեզ հետ միանալն է»


Ընդդիմադիր թեկնածուների միավորման շուրջ բանակցություններում ներգրավված Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը միակ ցանկալի արդյունքը համարում է իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանին միանալը:

«Ճիշտ հաշվարկումի հարց կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Հրանտ Մարգարյանը: - «Ճիշտ հաշվարկումը մեզ հետ միանալն է»:

«Այն, ինչ այսօր բեւեռացված է եւ լուսանցքում է գտնվում, դա բացասական է, եւ դա մեր երկրին լավ բան չի բերի», - շարունակեց նա: - «Եվ այս առումով է նաեւ, որ մենք ակնկալում ենք մյուսների միացումը մեզ: Մենք մեզ մյուսներից վեր չենք դասում: Կարծում եմ, որ այլ դրական ուժեր կան, որ կարող են քով-քովի գալ եւ իսկապես այդ հիմնական դրական առանցքը ձեւավորել»:

Եթե միավորումը չստացվի, Մարգարյանի խոսքով` «աշխարհը շուռ չի գա». - «Միավորումը չենք դարձրել կյանքի նպատակ»:

«Այսօր Վահան Հովհաննիսյանի ձայների մի մասն է Դաշնակցության ձայները: Վահան Հովհաննիսյանի անձնական ձայները գումարվելու են Դաշնակցության ձայներին», - ասաց նա:

Մարգարյանի կարծիքով, նախագահի ընտրությունը կանցնի երկու փուլով. - «Իրատեսությունը դա է ասում: Այսօր Հայաստանում չկա որեւէ ուժ, որը առանձնաբար ունենա 50 [տոկոս] եւ ավելին»:

«Ընդդիմությունը փորձում է «ընդդեմ»-ի հաշվարկով քվե ապահովել. սեփական համակրանքի, «հանուն»-ի հիման վրա չէ, որ փորձում է քվե ապահովել», - շարունակեց նա: - «Իշխանությունն էլ իր համակրության վրա չէ, որ փորձում է քվե ունենալ. նա էլ լծակների եւ այլ կողմնակի միջոցներով է փորձում հավելյալ քվե ունենալ: Եվ բնական եմ համարում երկրորդ փուլը»:

Պատասխանելով շրջանառվում լուրերին վերաբերող հարցին, թե Դաշնակցության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Հրանտ Մարգարյանը ասաց. - «Ես Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ: Բայց մենք վարչապետի թեկնածուի մասին չենք մտածել, որովհետեւ, կարծում ենք, դա պետք է որոշենք խորհրդարանական մեծամասնության հետ համախորհուրդ»:

Իսկ հարցին, թե մի՞թե Քոչարյանը լավ թեկնածու չէ, Մարգարյանը արձագանքեց. - «Կարծում եմ, լավից լավը կա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG