Մատչելիության հղումներ

«Սինեմարտ»-֊ը՝ կինո եւ արվեստ սիրողների համար


Ամսագրի հրատարակման մտահաղացումն ու նախաձեռնությունը պատկանում են «Դի Ջի Կոնտակտ Քոմունիքեյշն» ընկերությանը, որի տնօրենն է Գոհար Դանիելյան-Դյուբոստը: Նրա խոսքերով՝ Հայաստանում կինոյի եւ արվեստի մասին հանդես չկար, եւ այդ տեղը, կարծես թե, բաց էր:

Ամսագրի գլխավոր խմբագիրը Զավեն Բոյաջյանն է: Նա հայտնեց, որ «Սինեմարտ»-֊ի հոդվածները Հոլիվուդի կամ Բոլիվուդի արտադրանքի մասին չեն լինելու: «Կինոաշխարհում այսօր սահմաններ գծել հնարավոր չէ: Ամսագիրը անդրադառնալու է աշխարհի ժամանակակից որակյալ կինոյին` դրանից չառանձնացնելով հայկական կինոն», ֊- ասաց նա:

Զավեն Բոյաջյանը համաձայն է, որ մենք զարգացած կինոարտադրություն չունենք, բայց հայկական կինոաշխարհում նա վերջին տարիներին որոշակի շարժ է նկատում:

Կինոյից բացի ամսագրում տեղ է հատկացվելու ժամանակակից արվեստի այլ ճյուղերին, որոնք ծնվել են վերջին տասնամյակներում ու, խմբագրական կազմի կարծիքով, անհայտ են հայ հասարակությանը:

Ամսագրի խմբագրակազմը հույս ունի ստեղծել մի հանդես, որը կլուսաբանի արվեստը լուրջ տեսանկյունից, միաժամանակ պահպանելով ժամանցային ամսագրի կանոնները: Զավեն Բոյաջյանի խոսքով՝ «ոչ շատ տեսական, ոչ շատ ժամանցային»:

Հրատարակիչ Գոհար Դանիելյան-Դյուբոստը ասաց, որ ամսագրում գովազդը չի գերազանցելու 20 տոկոսը եւ որ իրենց համար «Սինեմարտ»-֊ի էջերին տեղադրված գովազդի որակը շատ կարեւոր է:

Ամսագիրը լույս է տեսնելու տարեկան 10 համարով:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG