Մատչելիության հղումներ

Բորիս Նավասարդյան. «Երկու թեկնածու հատուկ վերաբերմունքի են արժանանում»


Երեւանի մամուլի ակումբի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի անցկացրած` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2008 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկման միջանկյալ զեկույցը ներկայացնելիս, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց, որ այս փուլում «հիմնական խնդիրը բովանդակային լուսաբանումն է»:

Հունվարի 21-ից 30-ը անցկացված դիտարկումը ընդգրկել է 8 հեռուստաընկերություն եւ Հանրային ռադիոն:

«Երկու թեկնածու հատուկ վերաբերմունքի են արժանանում. իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը հիմնականում դրական համատեքստում է լուսաբանվում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հիմնականում բացասական», - ասաց Նավասարդյանը` համեմատելով անցած աշնանն իրենց անցկացրած դիտարկման արդյունքների հետ. - «Եթե աշնանը բացասական համատեքստում լուսաբանումը շատ մեծ տոկոս էր կազմում` միջինը մոտ 50 տոկոս էր կազմում բացասականը ընդհանուր հիշատակումների մեջ, եւ մենք ունեինք նոյեմբերին արտառոց դեպք, երբ Հանրային ռադիոյում Լեւոն Տեր-Պետրոսյանին վերաբերող հիշատակումների մոտ 80 տոկոսը բացասական էին, հիմա այդ տոկոսը իջել է եւ 26 է»:

«Ամենաբարձրն է տոկոսը եւ ընդհանրապես բացասական հիշատակումների թիվը «Կենտրոն» հեռուստաընկերությունում եւ Հանրային հեռուստատեսությունում», - հավելեց նա:

Նավասարդյանը հնչեցրեց նաեւ այսպիսի մտահոգություն. - «Կարծես թե, ինչ անում են [դիտարկվող] լրատվամիջոցները [բացառությամբ «Երկիր մեդիա»-ի], անում են միասին: Այսինքն` ընդհանուր ռազմավարության առկայության մասին կարելի է խոսել»:

«ԹԻՄ» հետազոտական կենտրոնի կոորդինատոր Էլինա Պողոսբեկյանը այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն, թե անցկացված դիտարկումը կարող է քաղաքականացված լինել, առաջարկեց գնալ իրենց մոտ եւ մեկ առ մեկ համեմատել արձանագրվածը:

«Սա ընդամենը հայելին է այն ամենի, ինչն ամեն օր տեսնում եք եթերում», - հավելեց Պողոսբեկյանը:

2003 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր, որ Հանրային հեռուստատեսությունը եւ պետական հիմնական թերթը «ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերել գործող նախագահի օգտին»: Զեկույցը դրական առաջընթաց էր համարել երկու թեկնածուների հեռուստաբանավեճը:

1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր, որ «գործող նախագահը քարոզարշավի ընթացքում էական առավելություն է ունեցել իր մրցակիցների հանդեպ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG