Մատչելիության հղումներ

Արտաշատում քարեր են նետվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցների վրա


Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատում քարեր եւ սառցակտորներ են նետվել այստեղ նախընտրական հանդիպում անցկացնող նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցների վրա:

Նախ հանրահավաքի մասնակիցներից մի կին սկսեց բղավել, ինչից հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հեռանալու խորհուրդ տվեց բոլորին, ովքեր ցանկություն չունեն լսել հանրահավաքի ելույթները: Այնուհետեւ, սակայն, քաշքշուկ ծագեց մի քանի երիտասարդների միջեւ, ապա նրանցից ոմանք սկսեցին քարեր եւ սառցակտորներ շպրտել հանրահավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների ուղղությամբ:

Ոստիկանները, ինչպես նաեւ մարզպետ Ալիկ Սարգսյանը սկզբում չէին միջամտում: Այնուհանդերձ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդեց, որպեսզի մարզպետը խոսի եւ սաստի սադրիչներին, Սարգսյանը դիմեց հանրահավաքի մասնակիցներին. - «Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնի»:

Միաժամանակ, Սարգսյանը հայտարարեց, թե «ամբողջ մարզը գիտի, որ մարզպետը խուլիգան չէ, մարզպետի բարոյական կերպարը բոլորին հայտնի է. եւ այն քաղաքական ուժը, որ կփորձի ինձ վրա ցեխ նետել, լուրջ պրոբլեմներ կունենա եւ կորուստներ կկրի դրա համար` բարոյական կորուստ»:

Մարզպետը նաեւ պնդեց, թե տվյալ պահին որեւիցե քաշքշուկ չի տեսնում եւ չի էլ տեսել` «բղավողները ընդամենը դեմի կանգնած մի քանի մարդիկ են»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հերթին, շեշտեց. - «Օրինականորեն թույլ տրված հանրահավաք է, ուրեմն` օրինականորեն թույլ տրված հանրահավաքը ունենում է ոստիկանական վերահսկողություն: Ես ոչ մի համազգեստով ոստիկան այստեղ չեմ տեսնում: Դուք պարտավոր էիք պաշտպանել այս հանրահավաքը, սա ձեր խնդիրն է: Դուք դա չեք արել»:

«Ես ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում այսօրվա հանրահավաքի համար` հենց այս պահից եւ դրանից առաջ էլ եմ կրել: Որեւիցե արարքի համար ես պատասխանատվություն եմ կրում եւ հետեւելու եմ: Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողակարգին` այդ հարցով կարող եք դիմել ոստիկանությանը. այնուամենայնիվ, ես շատերին տեսնում եմ այս պահին, որ ծառայություն կատարում են», - արձագանքեց Ալիկ Սարգսյանը:

Քաշքշուկի եւ ծեծի ընթացքում տուժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի տեղակալը, ինչի հետ կապված` նախագահի թեկնածուն եւ նրան ուղեկցողները այցելել են ոստիկանություն:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Փորձեցին քարեր նետել ժողովրդի վրա, ինչից հետո հասնելով նախագահի մեքենային` բոլորը միասին հարձակվել էին թիկնազորի պետի տեղակալի վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել նրան: Նա մտավ ոստիկանություն եւ հաղորդագրություն տվեց ոստիկանությունում: Նախագահը նույնպես մտավ: Իհարկե, ոստիկանությունը դափ-դատարկ էր, մարդ չկար նույնիսկ, որ հաղորդագրությունը վերցնեին: Նախագահի այցելությունից հետո մենք կանգնեցինք այդտեղ ու պարտադրեցինք. էլի ոստիկանապետը չեկավ, բայց քննիչները եկան եւ հաղորդագրությունը վերցրեցին»:


Ռուզաննա Ստեփանյան, Արտաշատ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG