Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանը կշարունակի բուժում ստանալ մեկուսարանում


Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը այսօր որոշել է ընդհատել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դատավարությունը, սակայն նրան հիվանդանոց չուղարկել: Ալեքսանյանը բուժում կստանա «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի հիվանդանոցում:

Պաշտպանական կողմը միջնորդել էր դադարեցնել ծանր հիվանդ Ալեքսանյանի դատավարությունը եւ բուժվելու համար նրան տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց:

Ալեքսանյանը բանտարկված է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում: Մեկուսարանի պետը դատարան է ուղարկել բժշկական երկու անկախ հանձնաժողովների եզրակացությունները: Նրանք հաստատում են, որ Ալեքսանյանի մոտ քաղցկեղ կա, եւ գտնում են, որ նրան անհրաժեշտ է հիվանդանոց տեղափոխել:

Եզրակացությունը ներկայացվել էր երեկվա դատական նիստում, որը նախագահում էր նոր դատավոր:

Միջորդության դեմ, ըստ էության, չէր առարկել նաեւ մեղադրող կողմը:

Ռուսաստանցի մի խումբ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ հանդես են եկել Ալեքսանյանին պաշտպանող հայտարարություններով:

Աջակցություն հայտնելով Ալեքսանյանին, մոտ մեկ տասնյակ մարդ հացադուլ է հայտարարել` պահանջելով նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց: Անցյալ շաբաթվանից բանտում հացադուլ է հայտարարել նաեւ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:

Անցած ուրբաթ դատարանը հրաժարվել էր ընդհատել դատավարությունը:

ՅՈւԿՕՍ-ի նախկին փոխնախագահը ձերբակալվել է 2006 թվականին: Նա մեղադրվում է հափշտակությունների ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ:

Վասիլի Ալեքսանյանը հերքում է մեղադրանքները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG