Մատչելիության հղումներ

Հունվարի 21-ից` պաշտոնական քարոզարշավի մեկնարկից, մինչեւ այսօր, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, հանձնաժողովը ստացել է 13 դիմում-բողոք:

Դրանցից մեկը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին ասաց Ազարյանը, ստացվել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանից:

Մնացած դիմումներից 9-ի հեղինակը, Ազարյանի փոխանցմամբ, Ռուբեն Թորոսյանն է, երկուսինը` Արտակ Զեյնալյանը:

«Ալեքսանդր Արզումանյանից ստացել ենք մեկ դիմում-գրքույկ, որը վերաբերում է մինչեւ [հունվարի] 21-ը նրանց կողմից արձանագրված, իրենց կարծիքով, ինչ-որ խախտումների», - ասաց Ազարյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակը այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դիմումը վերաբերում է «Սերժ Սարգսյանի քարոզչության ընթացքում «պետական ռեսուրսների բացահայտ օգտագործմանը»:

Գարեգին Ազարյանը տեղեկացրեց, որ որեւէ թեկնածու ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել` հիշեցնելով, որ ժամկետը լրանում է փետրվարի 9-ին, եւ հորդորելով. - «Եթե մեր թեկնածուները նման մտադրություն ունեն, կոչ կանեի շուտ ասել, որ մենք կարողանանք մեր աշխատանքները տանել առաջ»:

Խոսելով նախագահի թեկնածուների հիմնադրամներում հունվարի 31-ի դրությամբ կուտակված միջոցների ու կատարված ծախսերի մասին` ԿԸՀ-ի նախագահը ասաց. - «Հիմնադրամի ամենամեծ չափը ձեւավորվել է թեկնածու Սերժ Սարգսյանի մոտ` 69 միլիոն 550 հազար դրամ: Երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը` 45 միլիոն 500 հազար դրամ, երրորդը` Արթուր Բաղդասարյան` 21 միլիոն 960 հազար դրամ, չորրորդը` Լեւոն Տեր-Պետրոսյան` 16 միլիոն 286 հազար 500 դրամ, հինգերորդը` Արտաշես Գեղամյան` 14 միլիոն 600 հազար դրամ: Վեցերորդ տեղում է Վազգեն Մանուկյանը` 2 միլիոն 412 հազար դրամ, յոթերորդում` Տիգրան Կարապետյան` 600 հազար դրամ, ութերորդում` Արամ Հարությունյան` 190 հազար դրամ: Եվ Արման Մելիքյանի հիմնադրամում մենք գումարներ չունենք»:

Ծախսային մասով ռեկորդակիրը առայժմ Վահան Հովհաննիսյանն է` 44 միլիոն 144 հազար դրամ: Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է` 26 միլիոն 284 հազար 780 դրամ: Արթուր Բաղդասարյանի հիմնադրամից ծախսվել է շուրջ 22 միլիոն դրամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամից` շուրջ 14 միլիոն դրամ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG