Մատչելիության հղումներ

logo-print

Տեր-Պետրոսյանի շտաբը դիմում-բողոք է ներկայացրել ԿԸՀ


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, երեկ դիմում-բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)` նշելով, որ «Սերժ Սարգսյանը բացահայտ օգտագործում է պետական ռեսուրսներ»:

Մուսինյանի խոսքով, դրա համար հիմք կարող է դառնալ դեկտեմբերի 4-ին կառավարության եւ վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքացիների դիմումների ընդունման կառույցը:

Ըստ էության, ասաց մամուլի խոսնակը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ այցելող քաղաքացիներին տալիս են դիմումի հատուկ ձեւերը եւ ուղարկում Խորենացի փողոցում տեղակայված գրասենյակը, որտեղ դիմումները, Մուսինյանի խոսքով` «բավարարվում են պետական միջոցների հաշվին»:

Այդ դիմումի ձեւերը տարածում են նաեւ ՄԻԱԿ կուսակցության երիտասարդները:

«Այդ դիմումները մուտքագրվում են կառավարության կնիքով, որից հետո ընթացք է տրվում դիմումներին: Այսինքն, եթե որեւէ քաղաքացու ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դա անում է պետական միջոցների հաշվին, այսինքն` օգտագործում է արտահիմնադրամային միջոցներ», - ասաց Արման Մուսինյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պարտավոր է պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դիմում-բողոքին:

«Եթե ոչ», - ասաց Մուսինյանը, - «մենք արդեն դատական կարգով կբողոքարկենք ԿԸՀ-ի անգործությունը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG