Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Ռուսաստանի վարչապետը


Այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությունը:

Ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտեւը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Ատոմային էներգետիկայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման եւ առեւտրի, արտաքին գործերի, ֆինանսների փոխնախարարներ, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը եւ ռուսաստանյան գործարար շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Այցը Հայաստանի վարչապետի հրավերով է` պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ:

Այցի պաշտոնական մասը կսկսվի վաղը: Նախատեսված են Վիկտոր Զուբկովի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Վարչապետի հետ հանդիպումից հետո նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որին կհաջորդի երկու երկրների կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ռուսաստանի վարչապետի հայաստանյան հանդիպումների օրակարգում են ատոմային էներգետիկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ տեղեկատվության բնագավառներին առնչվող հարցեր:

Վիկտոր Զուբկովի այցի նախօրեին հայտնի է դարձել, որ մարտի 2-ին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո նա, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկը` «Գազպրոմ»-ը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG