Մատչելիության հղումներ

Դիմիտրի Ռուպել. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարեւոր է տարածաշրջանի կայունության եւ զարգացման համար»


Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարեւոր է Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի կայունության ու զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը երեկ երեկոյան Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Ռուպելի խոսքերով, Lեռնային Ղարաբաղի խնդրից բացի, Եվրամիության «Տրոյկան» Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է նաեւ էներգետիկ ոլորտին ու Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

«Մենք ուզում ենք, որպեսզի Ադրբեջանը դառնա ժողովրդավարության մոդել տարածաշրջանի համար», - ընդգծել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: - «Անշուշտ, մենք տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես տնտեսական ոլորտում, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավում: Բայց մենք կուզենայինք, որ արագանային նաեւ ժողովրդավարացմանն ուղղված քայլերը»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերություններում առանցքային դեր է խաղում համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

«Եվրամիությունը սատարում է Տրանսկասպյան գազատարի շինարարությանը եւ Nabucco նախագծին եւ կոչ է անում Ադրբեջանին նույնպես մասնակցել այդ ծրագրերին», - հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները:

Այս երկու խողովակաշարերով Արեւմուտքը ծրագրում է շրջանցել Ռուսաստանն ու Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, հետագայում նաեւ Իրանի ու Սիրիայի էներգակիրները փոխադրել եվրոպական շուկա:

«Մենք սերտորեն աշխատելու ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ, որպեսզի իրականություն դարձնենք այդ ծրագրերը: Եվրոպական «Տրոյկան» մեկնելու է նաեւ Կենտրոնական Ասիա` քննարկելու այս ծրագրերի հետ կապված խնդիրները», - Բաքվում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը:

Իսկ ադրբեջանցի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ Եվրահանձնաժողովը չի աջակցում Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարությանը, Բենիտա Ֆերերո-Վալդները պատասխանել է. - «Մենք մշտապես ասել ենք, որ կսատարենք այն ծրագրերը, որոնք տարածաշրջանային նշանակություն կունենան թե’ քաղաքական, թե’ տնտեսական տեսանկյունից: Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը նման նշանակություն չունի»:

Եվրամիության հանձնակատարը պաշտոնական Բաքվին ու Երեւանին կոչ է արել ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային համագործակցություն ենթադրող նախաձեռնություններին:

Եվրամիության «Տրոյկան» այսօր ժամանում է Հայաստան: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են պատվիրակության հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Բենիտա Ֆերերո-Վալդներն ու Վարդան Օսկանյանը կբացեն Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նոր շենքը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG