Մատչելիության հղումներ

logo-print
Փետրվարի 5-ը ԱՄՆ-ում անվանել են «Super Tuesday»՝ «սուպերերեքշաբթի»: Այսօր միանգամից ավելի քան երկու տասնյակ նահանգներում տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքում հանրապետականները եւ դեմոկրատները կհստակեցնեն իրենց վերաբերմունքը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների նկատմամբ:

Դեմոկրատներից պայքարը շարունակում են Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման, ով կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահը, եւ Նյու 3որքից ընտրված սենատոր Հիլարի Քլինթոնը, ով հաղթանակի դեպքում կլինի ԱՄՆ-ի առաջին կին նախագահն ու նախկին առաջին տիկինը, ով նախագահի կարգավիճակով կվերադառնա Սպիտակ տուն:

Հանրապետականներից պայքարը շարունակում են Արիզոնա նահանգից ընտրված սենատոր Ջոն ՄըքՔեյնը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Պաշտոնապես պայքարը դեռ չի դադարեցրել նաեւ Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սակայն, վերլուծաբանների փոխանցմամբ, նա այլեւս չունի հաղթելու հնարավորություն:

«Սուպերերեքշաբթիի» նախօրեին անցկացված հարցումների համաձայն` հանրապետական երկու թեկնածուներից առջեւում ՄըքՔեյնն է, մինչդեռ դեմոկրատ ընտրողների շարքերում բացարձակ անորոշություն է. որոշ նահանգներում չնչին առավելություն ունի Օբաման, որոշ նահանգներում էլ՝ Քլինթոնը:

Հայաշատ Կալիֆորնիայի հանրապետական նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը սատարում է ՄըքՔեյնին, մինչդեռ նրա կինը՝ Մարիա Շրիվերը, ով նաեւ սպանված նախագահ Ջոն Քենեդիի զարմուհին է, հայտարարել է, որ սատարում է Օբամային:

«ՄըքՔեյնը մեծ լումա ունի երկրի անվտանգության ապահովման գործում, ես նրան համարում եմ Ամերիկայի հերոս եւ իսկական լիդեր, ուստի ես ցանկանում եմ, որ նա դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը», - հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերը:

«Բաց, անկախ, խելացի, նորարար, խիզախ, պատրաստ է մարտահրավեր նետել ավանդույթներին, ոգեւորող, լիդեր», - Բարաք Օբամայի մասին ասել է Մարիա Շրիվերը:

Նախագահի եւ փոխնախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան օգոստոսին եւ սեպտեմբերին դեմոկրատների եւ հանրապետականների անցկացնելիք համագումարներում, իսկ բուն նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG