Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. «Կառաջարկեմ Ադրբեջանին չհարձակվելու մասին պակտ ստորագրել»


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ընտրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաեւ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը:

«Եթե ես դառնամ նախագահ, ես առաջին հերթին ամբողջ աշխարհի առջեւ կհայտարարեմ եւ կառաջարկեմ Ադրբեջանին` եկեք հիմա ստորագրենք, այսպես ասած` պակտ իրար վրա չհարձակվելու մասին: Առնվազն իրար ասենք, որ հարցի լուծումը պատերազմի ճանապարհների վրա չենք տեսնում», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Եթե Ադրբեջանը պատրաստ չի նման բան ստորագրելու, ես ի՞նչ պետք ունեմ մտնել դետալների մեջ...»:

Հաջորդ քայլը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, կլինի ամեն գնով` դիվանագիտական պայքարով, ճնշումով եւ պարտադրանքով, Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը:

Նա նաեւ ասաց, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է չեզոքացնել Թուրքիայի դերակատարումը:

«Եվ սա նշանակում է, որ մենք պետք է ճիշտ կերպով հարաբերվենք Եվրամիության հետ եւ ՆԱՏՕ-ի հետ, որոնք կարող են եւ իրավասու են սանձել Թուրքիայի ագրեսիվ վարքը», - պարզաբանեց նա:

Դաշնակցության թեկնածուն մտահոգություն հայտնեց, թե երբ իր ելույթներում քննադատում է այսօրվա իրավիճակը, ապա դրանով օգնում է նախկին իշխանություններին, իսկ երբ քննադատում է նախկիններին` «բետոնապատում է» այսօրվա իրավիճակը:

Այդուհանդերձ, Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ «եթե այսպես շարունակվի, կլինի շատ ավելի վատ»:

Նրա խոսքով, հայ ժողովուրդն այսօր կանգնած է «արհեստական ընտրության առջեւ». - «Եվ այսօրվանից իրենց ճնշված վիճակից դժգոհ ժողովուրդը վատի փոխարեն գնում է (հատկապես անգիտակից մասսան) ավելի վատը, վատագույնը ընտրելու: Բայց ո՞վ ասաց, որ մենք վատի ու վատագույնի մեջ ընտրություն ունենք: Ինչո՞ւ չենք վատի եւ լավի մեջ ընտրություն կատարում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG