Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մերժեց Արման Մելիքյանի դիմումը


Հայաստանի Սահմանադրական դատարանը շաբաթ օրը մերժել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից:

Արման Մելիքյանը դիմել էր Սահմանադրական դատարան «նախագահի թեկնածուի համար ստեղծված խոչընդոտը վերացած ճանաչելու» պահանջով եւ վիճարկել էր գործող օրենսդրության այն դրույթը, որի համաձայն արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին:

«Դատարանը իրավասու չէ եւ չի կարող խոչընդոտ վերացնել»,֊ - նշված է Սահմանադրական դատարանի պարզաբանման մեջ, որում նաեւ ասվում է, որ նախագահության թեկնածուին օրենքի կամ դրա առանձին դրույթի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ:

Արման Մելիքյանն այսօր ստացել է դիմումի մերժման հիմքերը: «Ազատություն» ռադիոկայանին նա ասաց, որ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է անձամբ իրեն հրավիրել ու պարզաբանել մերժման հիմքերը. - «Ես դրանք տրամաբանական եմ համարում, բայց հարցը մնում է բաց՝ արտերկրում Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը ոտնահարված է: Այս շաբաթվա ընթացքում կդիմեմ մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի Ընտրական օրենսգրքի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը»:

Ընտրական օրենսգրքում 2007 թվականի սկզբին ընդունված փոփոխությունների համաձայն՝ ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի տարածքում, եւ արտերկրում ընտրական տեղամասեր չեն բացվում: Այդ կարգով են անցկացվել 2007֊-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG