Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանում անհրաժեշտ է մեծ, երկարատեւ միացում եւ ոչ թե հերթական կարճ միացումը»


«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ այսօր եւ այս շաբաթ խորհրդակցություններն այլ ուժերի հետ կշարունակվեն:

«Ուրախ ենք, որ ամեն մեկը իր խոսքն ասում է, իր ենթադրությունը կատարում է, բայց ես կարծում եմ, որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ կատարել», - «Ազատություն» ռադիոկայանի եւ «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում հավելեց Հովհաննիսյանը:

Անցած շաբաթավերջին նախագահի առնվազն երկու թեկնածու ակնարկել էին «Ժառանգության» աջակցության մասին. Լեւոն Տեր֊Պետրոսյանը ուրբաթ օրը Կոթիում ասել էր. - «Ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը»: «Օրինաց երկիր»-ի նախագահը, իր հերթին, կիրակի օրը Երեւանի Ազատության հրապարակում վստահություն է հայտնել, թե իրենց հանրահավաքին «վաղը կմիանան Լեւոն Տեր֊-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Ժառանգության» առաջնորդը, վկայակոչելով կուսակցության կոչը նախագահի չորս թեկնածուներին՝ Արթուր Բաղդասարյանին, Վահան Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին ու Լեւոն Տեր֊-Պետրոսյանին՝ միանալ մինչեւ փետրվարի 19-ի քվեարկությունը, ասաց, որ իրենց այդ կոչը «ոչ միայն ծրագրային է, այլեւ կազմակերպչական»:

«Իսկապես գիտակցում լինի, որ առանձին վերցրած, որքան էլ հարգարժան թեկնածուները ունեն հասարակական նաեւ նեցուկ, անհնար է Հայաստանի պայմաններում իրացնել այդ հաղթանակը», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ իրենց կոչը, ըստ նրա, թեկնածուներից ակնկալում է ռազմավարության արմատական վերանայում. պատկերավոր ասած. - «Հայաստանում անհրաժեշտ է մեծ, երկարատեւ միացում եւ ոչ թե հերթական կարճ միացումը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ բոլոր չորս թեկնածուների հետ էլ «Ժառանգություն»-ը այս օրերին շփումներ ունի. - «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, ու կուսակցությունը պետք է որոշի, ոչ թե ես միայնակ»:

«Մեր ցանկությունը այն է, որ հիմնական ընդդիմադիր թեկնածուները դուրս գան հռետորականության ասպարեզից եւ զբաղվեն կոշտ, սառը, լուրջ դատողություններով, որոնք վճռական եւ բախտորոշ են լինելու Հայաստանի ապագայի համար», - հավելեց Հովհաննիսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG