Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի «Թեկնածուների կլոր սեղան». Արման Մելիքյան


Հայաստանում փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավը, «ընդհանուր առմամբ, բավական ագրեսիվ ոճով է ընթանում, բոլոր հիմնական թեկնածուները ագրեսիվ քարոզարշավ են անցկացնում»: Նման կարծիք հայտնեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի «կլոր սեղանի» ժամանակ:

«Այս խորապատկերի վրա, կարծում եմ, մենք ավելի հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում քաղաքացու հանդեպ», - ասաց Արման Մելիքյանը` հավելելով. - «Լրատվամիջոցները մեզ բոլոր հնարավորությունները ընձեռել են առ այսօր` մեր մոտեցումները արտահայտելու եւ քաղաքացուն, ընտրողին հասցնելու մասով: Իսկ ես վստահ եմ, որ մեր քաղաքացին այնքան խոհեմ է եւ այնքան լավ է հասկանում իրավիճակը, որ այդքանն էլ բավական է կողմնորոշվելու համար»:

Միաժամանակ, նախագահի թեկնածուն համաձայնեց այն պնդումներին, որ ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսը կիրառվում է. - «Մարդկանց մի դեպքում արտոնում են մասնակցել միտինգներին, մյուս դեպքում` խոչընդոտում են: Հիմնականում, իսկապես, այդ ռեսուրսը գործում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի դեմ: Բայց ես ուզում եմ անդրադառնալ մի բանի` ոչ մեկը բացարձակ ճշմարտության կրողը չէ: Եվ երբ ՀՀՇ-ամերձ մամուլը այս կամ այն պաշտոնյային հայտարարում է «պերսոնա նոն գրատա» եւ վաղը նրա բանտում գտնվելու մասին է հայտարարում, դա ինձ համար հավասարապես անընդունելի է: Որովհետեւ դա անմեղության կանխավարկածը խարխլող մոտեցում է, դրա մեջ կա ագրեսիա, եւ այդ է պատճառը, որ ես ասում եմ` այս մոտեցումը ագրեսիվ է»:

«Ցանկացած ագրեսիայի դրսեւորում եւ հասարակության այս կարգի բեւեռացում ոչ թե գաղափարների, այլ անձերի շուրջ բերելու է բախումների, եւ այդ բախումների համար բոլորն են պատասխանատու լինելու», - ընդգծեց Մելիքյանը:

«Ես ամենեւին պատրաստված չեմ դառնալ պաշտպանը իշխանությունների, որովհետեւ իշխանությունները իրենց գործունեության մեջ այնքան թերացումներ, այնքան իրավունքների ոտնահարումներ են թույլ տվել, որ, անշուշտ, իրենց կողքը լինելը այսօր անտեղի է: Բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը նույն մեթոդներով, նույն մոտեցումներով պիտի առաջնորդվի, նույն ձեւով ճնշի ժողովրդին», - հայտարարեց նախագահի թեկնածուն` պնդելով, որ «ընդդիմությունը, հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի, շատ չի տարբերվում այսօր իշխանությունից»:

Արման Մելիքյանը, ով իր ծրագրում, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բնույթը բնորոշել է իբրեւ կոռուպցիոն եւ նշել է բյուրոկրատական ամենաթողությունը կանխելու անհրաժեշտություրնը, իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականների միջեւ հետեւյալ տարբերությունը մատնանշեց. - «Ես չեմ անձնավորում կոռուպցիայի խնդիրն այսօր, որովհետեւ կոռուպցիան այնքան է խորացել, այնքան է գրավել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ կոռուպցիայի մեջ ներգրավված է Հայաստանի բառացիորեն յուրաքանչյուր քաղաքացի` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, պասիվ կամ ակտիվ կերպով: Եվ այստեղ մենք կարող ենք այսօրվա կոռուպցիոներների մի շարք թվարկել, կանգնեցնել պատի տակ գնդակահարել, բայց դրանով կոռուպցիա երեւույթը չի վերանա»:

Իսկ այն տեսակետին, թե կա երկու հիմնական թեկնածու եւ մոտեցում` իշխանական եւ ընդդիմադիր, իսկ մնացած թեկնածուները կամ նրանցից շատերը պարզապես «ներդրված են» քվեներ խլելու համար, Արման Մելիքյանը հակադարձեց. - «Ըստ իս, նույն Ղարաբաղի հարցում չկա երկու մոտեցում: Մոտեցումը նույնն է` երկու թեկնածուներն էլ, ըստ էության, համաձայնել են [Լեռնային Ղարաբաղը շրջապատող եւ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող] տարածքները հանձնել: Ես կտրականապես դեմ եմ, եւ սա է տարբերությունը: Թե’ Սերժ Սարգսյանը, թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ են տարածքները հանձնելու»:

«Ես կոնկրետ ծրագիր եմ առաջարկում, որի միջոցով մենք ամրագրում ենք այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում», - պարզաբանեց նախագահի թեկնածուն. - «Ես ասում եմ` այդ տարածքները պետք է դառնան ադրբեջանահայության սեփականությունը, այն 500 հազար մարդու սեփականությունը, որոնց մասին մոռացված է եղել այս ողջ բանակցային գործընթացի ընթացքում` 92, 93 թվականներից սկսած: Եվ այս մոտեցումը հավասարապես ինձ համար մերժելի է թե’ ՀՀՇ-ի կողմից առաջադրվելու դեպքում, թե’ ներկայիս իշխանությունների կողմից: Վերջին հաշվով, նույն բանը վերաբերում է ե’ւ Սերժ Սարգսյանին, ե’ւ Վարդան Օսկանյանին»:

«Ես մերժում եմ տարածք հանձնելու գաղափարն անգամ», - հայտարարեց Արման Մելիքյանը:


Աննա Իսրայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG