Մատչելիության հղումներ

Մի խումբ անդամներ դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերից


Ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը, իրենց կառույցի մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել կուսակցության շարքերից եւ հայտարարել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:

Համապատասխան հայտարարությունը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան»-ի Ավանի կազմակերպության 10 ակտիվիստներ: Խլղաթյանի խոսքով, սակայն, եւս 300 անդամ «բանավոր հայտարարել են» կուսակցությունից դուրս գալու մասին:

«Պարզապես ես հիմա չեմ կարող եւ ինձ թույլ չեմ տա այդ մարդկանց անձերը բացահայտել», - ասաց նա` խոստանալով, որ անունները կներկայացնի առաջիկայում: - «Իրավիճակը պարզ է մեր երկրում, [այդ] մարդիկ աշխատում են եւ մտավախություններ ունեն»:

«Կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: [Եվ] Շատ մարդիկ, որոնց ես համարում եմ կուսակցության սերուցք, որոշեցին դուրս գալ կուսակցության շարքերից», - շարունակեց նա` հավելելով, որ իրենք «պահպանում են նույն հարգանքը կուսակցության ղեկավարի [Գագիկ Ծառուկյանի] հանդեպ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կառույցի ղեկավար Լեւոն Ասատրյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Խլխաթյանը կուսակցությունից դուրս է եկել հունվարի 22-ին, սակայն պատճառը «գաղափարական կամ քաղաքական տարաձայնությունները» չեն եղել:

«Ոչ մի հայտարարություն չի արել», - ասաց Ասատրյանը: - «Ինքը այդպիսի բան չի ասել, որ կապված է կուսակցության քաղաքականության հետ: Խոսքը գնացել է զուտ ֆինանսական հարցերի շուրջը: Այնտեղ ֆինանս են առաջարկել, այդ մարդիկ գնացել են»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG