Մատչելիության հղումներ

Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում խախտումներ են արձանագրվել


Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում արձանագրվել են լուրջ խախտումներ եւ բացթողումներ: Այս եզրակացությանն է հանգել Հայաստանի գլխավոր դատախազությունը` ուսումնասիրելով 2006 թվականին եւ 2007 թվականի առաջին կիսամյակում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկան եւ նշված բնագավառում օրինականության ապահովման վիճակը:

Համաձայն Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հղած պաշտոնական գրության, մասնավորապես, անտեսվել են պատժի եւ դրա նպատակների վերաբերյալ օրենսդրության սկզբունքները, ոչ միշտ է պատշաճ քննարկվել ազատվող դատապարտյալների անձը եւ այլ բնութագրող հատկանիշները, իրական գնահատական չի տրվել պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագծին, կատարած հանցագործության բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին, իր կատարած հանցագործությանը դատապարտյալի վերաբերմունքին եւ այլ հանգամանքների:

«Մտահոգիչ է, որ քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման են ներկայացվել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված, ուղղման եւ վերադաստիարակման ուղին չբռնած դատապարտյալներ», - գրել է Աղվան Հովսեփյանը` մատնանշելով մի շարք օրինակներ:

Այսպես, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման է ներկայացրել նախկինում 7 անգամ դատված, 2004 թվականից գողության համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Ավետիսյանին՝ վերջինիս անհիմն դրական բնութագրմամբ: Այդուհանդերձ, Ավետիսյանի ազատման գործընթացը խափանվել է անկախ հանձնաժողովի բացասական որոշման արդյունքում:

Նմանաբնույթ որոշումներ քրեակատարողական հիմնարկները կայացրել են Արմենակ Խաչատրյանի (նախկինում 6 անգամ դատված, «Էրեբունի» ՔԿՀ), Արման Զաքոյանի (նախկինում 9 անգամ դատված, «Էրեբունի» ՔԿՀ), Ռոլանդ Մարտիրոսյանի (նախկինում 8 անգամ դատված) եւ մի շարք այլ հանցագործների ազատման հնարավորության վերաբերյալ:

Դեպքերի մեծամասնությունում, սակայն, քրեակատարողական հիմնարկների անհիմն որոշումները չեն իրագործվել անկախ հանձնաժողովների կողմից հավանության չարժանանալու, ինչպես նաեւ դատաքննության ժամանակ դատախազի կարծիքը դատարանի կողմից հաշվի առնելու արդյունքում:

Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկները դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը ձեռնարկել են գործող կարգի ակնհայտ խախտմամբ, այդ թվում՝ փորձելով շրջանցել անկախ հանձնաժողովում քննարկումը:

«Ընդհանուր առմամբ, 2005 - 2007 թվականների ընթացքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատված 2344 անձանցից առաջին ատյանի դատարանների կողմից նորից դատապարտվել են 285 մարդ կամ 12.2 տոկոսը, որը վկայում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում առկա՝ նկարագրված եւ այլ բնույթի թերությունների եւ բացթողումների մասին», - ասված է գլխավոր դատախազի հունվարի 18-ի գրությունում, որը դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG