Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կիրակի օրը Երեւանի «Ազատության» հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարեց, թե նախօրեին ուշ երեկոյան իրեն սպառնացել են սպանել:

Թե ո՞վ է սպառնացել եւ ինչպե՞ս` նախագահի թեկնածուն չմանրամասնեց, ասելով. - «Եթե ինձ հետ կպատահի որեւիցե մի բան` դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իմ մերձավոր զինակիցները հրապարակելու են բոլոր այդ սպառնացողների եւ ահաբեկիչների անունները»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, սակայն, իրեն ահաբեկել հնարավոր չէ. - «Ես պատրաստ եմ զոհվել, զոհաբերել իմ կյանքը հանուն Հայաստանի»:

Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ իրենց հանրահավաքին «վաղը կմիանան [Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու] Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ [«Ժառանգություն» կուսակցության ղեկավար] Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Շատ է այսօր խոսվում` ով ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է: Մենք այսօր գտնվում ենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ», - հայտարարեց նախագահի թեկնածուն եւ համախմբվելու կոչ արեց բոլոր նրանց, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով` անկախ քաղաքական հայացքներից. - «Այսօր պատիվ կբերի ցանկացած քաղաքական գործչի` մեզ հետ միասին, միանալ մեզ, միանալ այս տասնյակ հազարավոր մարդկանց եւ փոխել այս անօրեն համակարգը»:

Արթուր Բաղդասարյանը իր ելույթում քննադատեց գործող իշխանություններին` պնդելով, որ նրանք չեն կարողանում լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները. - «Մենք պետք է վճռական «ոչ» ասենք սրան, ամեն գնով իրենց իշխանությունն ու հարստությունը պահելու այս անհագ ձգտումներին: Ես համոզված եմ, որ մեր նպատակը պետք է լինի ստեղծել առողջ, ուժեղ, աճող տնտեսություն, որն ապահովում է հավասար հնարավորություններ բոլոր մեր հայրենակիցների համար: Այս պատճառով պետք է հնարավորը անել, որպեսզի բիզնեսի եկամտաբեր ճյուղերը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրահանգով չկենտրոնացվեն մի խումբ օլիգարխների ձեռքին` ապահովելու համար թե’ նրանց եւ թե’ նրանց սնող իշխանության բարեկեցությունը»:

Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` փողով ընտրված նախագահը ազգին դատապարտելու է ստրկության:

«Այն մարդիկ, ովքեր վերցնելու են փողը, պետք է «ոչ» ասեն, վերցնեն եւ չքվեարկեն», - հայտարարեց նախագահի թեկնածուն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG