Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 2-ը փետրվարի)

«Այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ ընտրությունների օրը, սակայն մեր կողմնորոշվելուն օգնո՞ւմ են տարբեր մարզերից ռեպորտաժները», - հարցրել է «168 ժամ» թերթի մեկնաբանը «Գավառական սյուժե» վերնագրի տակ ու շեշտադրել. - «Ժողովրդին պարտադրաբար հրապարակներ քշելն արվում է նվաստացուցիչ անկեղծությամբ՝ իշխանություններով հիացած ժողովրդի իմիտացիա ապահովելու եւ ընտրությունների կեղծիքները լեգիտիմացնելու նպատակով»: «Այս ամենն այնքան գավառական սյուժե է։ Իսկ այն գլխավորը, որը թույլ կտար կողմնորոշվել մարդկանց, չկա», - նկատել է մեկնաբանը եւ հավելել. - «Եվ որքան էլ մյուս թեկնածուները փորձեն հավատացնել, որ իրենք են Սերժ Սարգսյանի հետ հայտնվող այն միակը, այդպես չէ։ Գլխավորն այդ դեպքում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ առ դեմ հանդիպումն է։ Այս դեպքում, թերեւս, լրագրողների ներկայությունն էլ ավելորդ է, եթե չասենք՝ խոչընդոտող»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, համադրելով տպավորությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավից, գնահատել է. - «Տխուր է ու պառակտիչ, երբ 8 տարի որպես երկրի նախագահ պաշտոնավարած, այժմ էլ կրկին նախագահի պաշտոնի ձգտող թեկնածուի շրջապատը ժողովրդին բաժանում է ըմբոստների ու թուլակամների, ինտելեկտուալների եւ ոչ ինտելեկտուալների։ Որեւէ եվրոպացի դիտորդի չի կարող հասկանալի լինել բարոյականության սահմաններում չտեղավորվող, երկրի ու հասարակության համար կործանարար այս բաժանումը պատմությանը ոչ անտեղյակ քաղաքական գործչի թիմի, որ նույնն է՝ նրա կողմից»։ «Խնդիրն այստեղ ոչ թեկնածուն է, այլ հասարակությունը, որի զգոնությունը փորձում են թուլացնել եւ անկառավարելի դարձնել», - ընդգծել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում գրել է. - «Երբ ուշադիր հետեւում ես վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրարշավին, հասկանում ես, որ դրա իմաստը ոչ թե տվյալ թեկնածուին գովազդելն է, այլ ՀՀ քաղաքացիներին ճնշելն ու ստորացնելը։ Բռնի կերպով մարդկանց հանրահավաքների տանելը ոչ մի բանով չի բարձրացնում Սերժ Սարգսյանի վարկանիշը, այլ ընդհակառակը՝ կարող է միայն իջեցնել»։ «Բայց գործող վարչապետի համար կարեւոր է ոչ թե իր վարկանիշը, այլ այն, որ մարդն իրեն մարդ չզգա, այլ զգա առարկա, ուրիշի սեփականություն։ Համենայնդեպս, տասը տարի քոչարյանասարգսյանական զույգը հենց այսպես է մնացել իշխանության եւ այս բանաձեւը փոխելու անհրաժեշտություն չունի», - պնդել-եզրափակել է խմբագրականը։

«Հայոց Աշխարհ»-ում տպագրված հոդվածում պնդելով, որ «Հայաստանում նախընտրական քարոզարշավն ու փետրվարի 19-ին դրա արդյունքը խիստ կանխատեսելի են», քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը արձանագրել է. - «Նախընտրական քարոզարշավը Տեր-Պետրոսյան - Սարգսյան հակամարտության վերածելու նախկին նախագահի փորձերը հաջողությամբ չպսակվեցին. մյուս թեկնածուները չեն ցանկանում լինել Տեր-Պետրոսյանի դաշնակիցները։ Նրանք անձնական հաշիվներ ունեն գերազանցապես հենց նրա նկատմամբ, քան գործող իշխանության»: «Ամենայն հավանականությամբ, ռացիոնալ մտածելակերպով աչքի ընկնող հայկական ընտրազանգվածի գերակշիռ մասը կքվեարկի գործող իշխանության օգտին, որը արդեն այսօր հասարակ մարդկանց վիճակը բարելավելու կոնկրետ գործողություններ է իրականացնում։ Ըստ երեւույթին, ընդդիմադիրների կողմից Տեր-Պետրոսյանին հիշեցվող դառը անցյալից եւ միգուցե ոչ շքեղ, բայց շոշափելի ներկայից հայ ընտրազանգվածը կընտրի վերջինը՝ ապագայում իրական բարելավման ակնկալիքով», - կանխատեսում է քաղաքագետը:

«Ազգ»-ը անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին. - «Առաջատարն այստեղ Վահան Հովհաննիսյանն է` 30 մլն դրամ դրամագլխով: Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, որ ֆինանսական օժանդակություն է ստացել իր կուսակցությունից: Հիմնադրամներում եղած գումարի հարստության չափով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության թեկնածու եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը` 21 մլն 50 հազար դրամ: Մինչ օրս Սերժ Սարգսյանը ծախսել է 7 մլն 670 հազար դրամ գումար: 12 միլիոնից ավելի գումար է կուտակվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամում։ Առաջին նախագահը մինչ օրս ծախսել է 6 միլիոնից ավելի գումար»: Իսկ Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի եւ Տիգրան Կարապետյանի հիմնադրամները, ըստ թերթի, «աչքի են ընկնում իրենց կուսական մաքրությամբ, այնտեղ չկա եւ ոչ մի լումա գումար»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG