Մատչելիության հղումներ

Բնակարաններ՝ երիտասարդ դասախոսներին


Երեւանի պետական համալսարանի երիտասարդ դասախոսներից շատերին ծրագիրը գոհացրել էր: Այս ծրագրի շրջանակներում համալսարանի երիտասարդ դասախոսներն ու գիտնականները հնարավորություն են ստանում շուկայականից ավելի ցածր գներով ձեռք բերել բնակարաններ:

Բնակելի համալիրի կառուցապատման համար նախատեսված հողամասը գտնվում է Ավան համայնքում: Բնակելի շենքը լինելու է 9 հարկանի եւ ունենալու է 2 մասնաշենք: Ընդհանուր առմամբ բնակարանների թիվը շենքում լինելու է 264: Շենքը կունենա 2,3 եւ 4֊սենյականոց բնակարաններ: «Այս բնակելի համալիրի շինարարական աշխատանքները սկսվելու են 2008 թվականի մարտ ամսից, իսկ շենքը պատրաստ կլինի 2010 թվականի առաջին կեսին», - ասաց շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը:

Նորակառույց շենքում բնակարան գնելու համար վարկերը տրամադրելու է «Կոնվերս» բանկը: Բանկի ներկայացուցիչը տոկոսադրույքների մասին ոչինչ չասաց, սակայն խոստացավ, որ ամեն ինչ կանեն հաճախորդների շահերն առավելագույնս պաշտպանելու համար:

Ծրագրի շնորհանդեսին ներկա էր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Ինչ էլ անենք, միեւնույնն է ասելու են, որ սա նախընտրական քարոզարշավի մի մասն է, չնայած այս ծրագրի իրագործումը դեռ վաղուց էինք սկսել: Ո'չ բանկը եւ ո'չ էլ շինարարները բարեգործական գործունեությամբ չեն զբաղվում: Պարզապես ակնկալվող մեծ շահույթն այս դեպքում բավական փոքրանում է: Մենք նպատակ ունեինք, որ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք հնարավորություն ունենա ձեռք բերել բնակարան եւ մեքենա, կարծում եմ, սա մեր նպատակի իրականացման սկիզբն է», - նշեց վարչապետը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG