Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. «Ընտրակաշառքը պետական մակարդակով է բաժանվում»


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պնդմամբ` նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցները «ընտրակաշառքն արդեն պետական մակարդակով են բաժանում»: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը «ծիծաղելի» ու «անհեթեթ» որակեց Արզումանյանի հայտարարությունը:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Արզումանյանը պնդեց, որ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ անցած դեկտեմբերի 4-ին ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում է քաղաքացիների դիմում բողոքներն ուսումնասիրելով, իրականում նախընտրական նպատակներով է ստեղծվել:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, պետական ռեսուրսի օգտագործման դեպքն այստեղ «այնքան ակնհայտ է, որ որեւէ երկրում ընտրությունների վաղուց արդեն չեղյալ կհայտարարվեին»:

«Իրականում աշխատանքային խումբը հանդիսանում է վարչապետի նախընտրական շտաբին կից օղակներից մեկը, որտեղ ընդգրկված են պետական ապարատի բավականին փորձառու աշխատակիցներ», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, թե խմբին ներկայացված դիմումներում մեծ թիվ են կազմում` «ֆինանսական օգնություն, աշխատանքի տեղավորում, թոշակի բարձրացում, ուսանողների ուսման վարձի փոխհատուցում, բնակարանների գազիֆիկացման եւ գազատաքացուցիչների հետ կապված խնդիրներ, բակերի մաքրման, լուսավորության, վերելակների եւ այլ հարցեր»:

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. - «Դա ընտրությունների հետ կապ չունի: Պարոն Արզումանյանի հայտարարությունը որակում եմ որպես ծիծաղելի եւ անհեթեթ հայտարարություն, եւ խոհուրդ կտամ իմ գործընկեր պարոն Արզումանյանին հերյուրանքներ ու բամբասանքներ տարածելու փոխարեն զբաղվել գործով: Հակառակ դեպքում իրենց ունեցած 3-4 տոկոսն էլ հօդս կցնդի»:

Լրագրողների հետ հանդիպմանը Արզումանյանը ասաց, որ այդ խնդրի կապակցությամբ Սահմանադրական դատարան չեն դիմելու, սակայն փաստերը (քաղաքացիների դիմումներն աշխատանքային խմբին) ներկայացնելու են ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություններին:

Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը հայտարարեց նաեւ, որ բոլոր պետական ծառայողներին հանձնարարված է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողներ գտնել. - «Այս մարդկանց թվին են պատկանում պետական պաշտոնյաներ, թաղային հեղինակություններ, օրենքով գողեր, որոնցից ամեն մեկը իր վրա պատասխանատվություն է վերցնում մարդկանց քվեարկության համար: Քանակը կախված է մարդու կարողությունից»:

Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կեղծարարություն թույլ չեն տալու, «համաժողովրդական շարժման միջոցով տեր են կանգնելու իրենց ձայներին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG