Մատչելիության հղումներ

Կրակել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների վրա


Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանից այսօր ժամը 10:20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել թեկնածուի` Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբի ուղղությամբ:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ կրակոցներն արձակվել են անցած գիշեր՝ ժամը 02:03-ի սահմաններում, ինչի հետեւանքով կոտրվել են պատուհանների ապակիները: Շտաբի մուտքի դռան դիմաց՝ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են հրացանի պարկուճի մեջ գնդակներ ամրացնող պոլիէթիլենային երկու ամրիչներ, որոնք առգրավվել են:

Այսօր Սերյոժա Ալեքսանյանից ստացվել է երկրորդ ահազանգը, որ անհայտ անձինք կրակոց են արձակել Սերժ Սարգսյանի` Երեւանի Միկոյան փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ, որի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ կրակոցն արձակվել է գիշերը, նույն ժամին: Վարսավիրանոցի մուտքի դռան դիմաց՝ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ առգրավվել է հրացանի պարկուճի մեջ գնդակ ամրացնող պոլիէթիլենային մեկ ամրիչ:

Երկու դեպքերի կապակցությամբ Նոր Նորքի քննչական բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանություն` զենքի գործադրմամբ»:

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG