Մատչելիության հղումներ

Արման Մելիքյանը դիմեց Սահմանադրական դատարան


Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու իրավունք չունենալու հարցը:

«Նախագահի թեկնածուի համար ստեղծված խոչընդոտը վերացած ճանաչելու պահանջի մասին» դիմումում նախագահի թեկնածուն ընդգծում է, որ 2007 թվականի փետրվարի 26-ին Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը Հայաստանի քաղաքացիներին ընտրության իրավունք էր տալիս նաեւ արտերկրում գտնվելիս: Մինչդեռ, Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից», եւ «18 տարին լրացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մաuնակցելու իրավունք»:

«Սահմանադրությանը հակասող օրենքները չունեն իրավական ուժ», - ընդգծում է Մելիքյանը` նշելով, որ նախագահի թեկնածուն պետք է ընտրվի Հայաստանի բոլոր քաղաքացիների կողմից, իսկ օրենսգրքի հիշյալ փոփոխությամբ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվել են Սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իրավունքը իրականացնելու հնարավորությունից:

«Որպես նախագահի թեկնածու` գտնում եմ, որ փոփոխությունն ուղղակիորեն խոչընդոտ է հանդիսանում իմ իրական քվեների ապահովման հարցում, քանի որ ես հստակ ընտրազանգված ունեմ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքից դուրս», - հայտարարում է թեկնածուն, ով իր դիմումին կից ներկայացրել է նաեւ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների` իրեն ուղղված հինգ դիմումներ:

«Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների (դիվանագիտական կորպուսի աշխատակիցներ, գործուղման մեջ գտնվողներ, ժամանակավոր բնակություն հաստատած քաղաքացիներ) ընտրելու իրավունքի սահմանափակումը հակասում է ինչպես միջազգային իրավունքի սկզբունքներին, այնպես էլ Սահմանադրությանը», - պնդում է Արման Մելիքյանը` մեջբերելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ միջազգային իրավական այլ ակտերի համապատասխան դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG