Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ընտրողներին կոչ է անում չվաճառել իրենց ձայները, թեկնածուներին` հանդուրժողական լինել


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր հրավիրած ասուլիսում քաղաքացիներին կոչ արեց չվաճառել իրենց ձայները եւ փետրվարի 19-ին գաղափարական հենքի վրա ընտրություն կատարել, իսկ նախագահության թեկնածուներին` հանդուրժողական լինել միմյանց նկատմամբ:

«Եթե մարդիկ իրենց ձայնը վաճառում են, ուրեմն` իրենց ապագան են վաճառում», - հայտարարեց օմբուդսմենը: - «Համարում եմ, որ ընտրակաշառքը այն երեւույթն է, որը կարող է վիժեցնել մեր երկրում ժողովրդավարության կայացումը: Այդ տեսակետից, ես պարզապես կոչ եմ անում մեր քաղաքացիներին` հաշվի առնելով այդ ամենը, իրենց ձայների վաճառման ճանապարհով չգնալ»:

«Մեկ բան միանշանակ է` յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ընտրակաշառքի միջոցով գա իշխանության, երբեք բարոյական կապ հասարակության հետ չի ունենալու, երբեք չի նպաստելու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, երբեք չի ձեւավորելու ժողովրդավարական համակարգ: Նա միշտ շահագրգռված է լինելու այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի միշտ ձայների գնման միջոցով կարողանա իր իշխանությունը հավերժացնել», - ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչ վերաբերում է նախագահության թեկնածուներին, ապա Արմեն Հարությունյանը, «քաղաքական պրոցեսի մեջ չմտնելու» նկատառումով խուսափելով անուններ տալուց, նշեց, որ «հանդուրժողականության տեսակետից խնդիրներ կան». - «Մարդիկ իրար մեղադրում են եւ այլն, փոխանակ ամեն մեկը իր մոտեցումները ապագայի վերաբերյալ ներկայացնի»:

Քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ օմբուդսմենն ասաց, որ իրենք ոչինչ չեն արձանագրել:

Թալինի դեպքերի հետ կապված, որտեղ նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո չորս մարդ ձերբակալվել է, եւ նրանք զրկվել են բժշկին տեսակցելու իրավունքից, օմբուդսմենը ասաց, թե այսօր առավոտյան արագ արձագանքման խումբ են ուղարկել Թալին` իրավիճակը պարզելու համար:

Հիշյալ չորս անձինք ձերբակալվել են հունվարի 29-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG