Մատչելիության հղումներ

Վանաձորում հրկիզել են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գրասենյակի դուռը


Անցած գիշեր`ժամը 2:20-ի սահմաններում, անհայտ անձինք հրկիզել են Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական գրասենյակի դուռը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետի տեղակալ Ռուբիկ Ոսկանյանը, գրասենյակի հերթապահը սկզբում նկատել է մի «Ժիգուլի» ավտոմեքենա, այնուհետեւ պայթյուն է լսել:

«Աստիճանների վրա բենզինով երկու շիշ են տեղադրել: Շշերը վառել են, մուտքի դուռը սկսել է այրվել: Հերթապահն է դուրս եկել եւ ջրով հանգցրել կրակը», - պատմեց Ոսկանյանը, ում խոսքերով` հերթապահը որեւէ վնասվածք չի ստացել:

Նա հայտնեց նաեւ, որ դեպքի վայր են եկել Վանաձորի ոստիկանները, տեղազննություն են կատարել: Որեւէ կասկածյալ դեռեւս չկա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր նախընտրական քարոզարշավի է մեկնում Լոռու եւ Տավուշի մարզեր, եւ ընտրողների հետ հանդիպում է նախատեսված նաեւ Լոռու մարզկենտրոն Վանաձորում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG